Մարդու իրավունքների տուն Երևանը իրականացնում է հարցազրույց իրավապաշտպանի հետ: Հարցազրույցի չորրորդ մասնակիցը Սոցիոսկոպի Նախագահ՝ Արփի Մանուսյան է

1. Ո՞րն է ձեր կազմակերպության առաքելությունը և ի՞նչ հիմնական ուղղություններով եք աշխատում։
Ես Սոցիոսկոպ հետազոտական կազմակերպությունից եմ։ Մեր կազմակերպությունը հիմնադրվել է 2008 թվականին կին հասարակագետների կողմից։Ի սկզբանե մեր կազմակերպության հիմնական առաքելությունը եղել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, մարդու իրավունքների ոլորտում աշխատող մասնագետներին, առաջնորդներին և հետազոտողներին գիտելիք տրամադրելը։ Մեր հիմնական նպատակն է եղել քաղաքացիական հասարակությանը տրամադրել ավելի խորքային գիտելիքներ տարբեր հարցերի շուրջ, որոնցով զբաղվում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու առանձին անհատները։ Այսինքն՝ դասական իմաստով մենք իրավապաշտպան կազմակերպություն չենք, այն առումով, որ ուղղակի իրավապաշտպան գործունեությամբ կամ ներկայացուցչությամբ չենք զբաղվում։ Սակայն մեր գործունեության հիմնական թեմաներից մշտապես եղել են քաղաքացիական հասարակությունն ու մարդու իրավունքները։Մեր գործունեության կարևոր ուղղություններից են ԼԳԲՏ մարդկանց իրավունքները, գենդերային հարցերը, խոցելի խմբերի իրավունքները և այդ թեմաների շուրջ ուսումնասիրությունների իրականացումը։ Այս տարիների ընթացքում մենք անցել ենք զարգացման տարբեր փուլերով։ Վերջին տարիներին, կարելի է ասել՝ 2017 թվականից սկսած, մեր հիմնական առաքելությունն ու տեսլականը Հայաստանում քննադատական հասարակագիտական մտքի զարգացումն է՝ հետազոտությունների, թարգմանությունների և կրթական նախաձեռնությունների միջոցով։ Մեր հիմնական հետազոտական և կրթական ուղղություններն ընդգրկում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարդու իրավունքները, խոցելի խմբերի իրավունքները, քաղաքացիական հասարակության տրանսֆորմացիան և ակտիվիզմը, գենդերի և սեռականության հարցերը, խաղաղությունն ու պատերազմը, սոցիալական արդարության հիմնահարցերը, ։ Մենք անդրադառնում ենք նաև դոմինանտ կամ գերիշխող գաղափարներին, ինչպիսիք են ազգը, մշակույթը, պատմությունը, այսինքն՝ այն գիտելիքները.
Մեզ համար կարևոր թեմատիկ ուղղություն է նաև անհատի և հանրային միջավայրի փոխհարաբերությունների ուսումնասիրությունը։ Ընդհանուր առմամբ, մեզ հետաքրքրում է, թե Հայաստանում ինչպես են փոխկապակցվում անհատի արժանապատվությունը, հասարակական շահը և հանրային բարիքի գաղափարը։ Մենք հիմնականում իրականացնում ենք որակական, խորքային հետազոտություններ, հրապարակում ենք գրքեր, հոդվածներ և մուլտիմեդիա նյութեր։ Միաժամանակ զբաղվում ենք նաև հետազոտական տեքստերի թարգմանությամբ՝ հիմնականում անգլերենից հայերեն, վերոնշյալ թեմատիկ ուղղությունների շրջանակում։
Մեր կայքում առանձին բաժիններ ունենք տարբեր թեմաների համար։ Հրապարակել ենք նաև ժողովածուներ, որոնք վերաբերում են անհատի և հանրային միջավայրի փոխհարաբերություններին՝ ներառելով սոցիոլոգիայի, մշակութաբանության, փիլիսոփայության և այլ գիտակարգերի մոտեցումները։
Մեր գործունեության երրորդ բաղադրիչը կրթական նախաձեռնություններն են։ Վերջին տարիներին տարբեր պատճառներով՝ ֆինանսական և մարդկային ռեսուրսների սահմանափակության պատճառով, դրանք այնքան ակտիվ չենք իրականացրել։ Այնուամենայնիվ, ունեցել ենք շատ արդյունավետ և հաջողված ծրագրեր, օրինակ՝ ակտիվիստների համար ռազմականացման թեմայով նախաձեռնություններ և քննադատական դպրոցի նախագիծ ենք ունեցել։ Այժմ արդեն մտածում ենք վերսկսել մեր կրթական ծրագրերը։
2. Ի՞նչ նշանակություն ունի Մարդու իրավունքների տունը ձեր կազմակերպության համար և Ինչո՞վ է այն կարևոր իրավապաշտպանների համար։
Մենք Մարդու իրավունքների տան Երևանի հիմնադիր անդամ կազմակերպություններից ենք։ Այսինքն՝ մենք եղել ենք Մարդու իրավունքների տուն Երևանի կայացման ակունքներում։ Դեռևս այն Մարդու իրավունքների տուն չէր, այլ կոչվում էր Human Rights Focus Network, դեռևս օֆիցիալ գրանցված չէր։ Հենց այդ ցանցից սկսած , մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել այդ ցանցի ձևավորման գործում։Եվ հենց այդ պատճառով, որ այդ շրջանում առավելապես մեր նպատակը և տեսլականը իրավապաշտպաններին հետազոտական գիտելիքով օժանդակելն էր, մեզ համար Մարդու իրավունքների տուն Երևանը շատ կարևոր է մի քանի տեսանկյունից։ Նախ, այնտեղ հավաքված բոլոր կազմակերպությունները մեզ համար շատ մտերիմ գործընկեր կազմակերպություններ են՝ գաղափարական և արժեքային տեսանկյունից։ Կարելի է ասել՝ այս պահին եղած անդամ կազմակերպություններից բոլորի հետ մենք տարբեր տարիներին ունեցել ենք տարբեր համագործակցություններ։ Օրինակ՝ մենք իրականացրել ենք հետազոտություններ Pink Armenia-ի հետ, Կանանց ռեսուրսային կենտրոնի հետ, «Իրական աշխարհ, իրական մարդիկ»-ի հետ։ Արել ենք նաև սեռականության թեմայով, ինչպես նաև գենդերի և սեռականության հարցերին վերաբերող հետազոտություն։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հետ նույնպես աշխատել ենք։Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ բոլորի հետ ունենք շատ սերտ գործընկերային հարաբերություններ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հետազոտությունները նրանց համար դառնում են նաև ադվոկացիայի կարևոր հիմք, որի վրա հիմնվելով նրանք աշխատում են և ներկայացնում են խնդիրները որոշում կայացնողներին։Մյուս կողմից, Մարդու իրավունքների տուն Երևանը մեզ համար շատ կարևոր է նաև որպես ֆիզիկական տարածք որտեղ մենք կարող ենք տարբեր հարցեր քննարկել, միասին ինչ-որ գաղափարներ մտածել։ Օրինակ՝ երբ տեղի են ունենում քաղաքական տարբեր զարգացումներ կամ այլ կարևոր իրադարձություններ, կամ եղել են տարիներ, երբ շատ ուժեղ հակաքարոզչական արշավներ են իրականացվել՝ ուղղված կազմակերպություններին, առանձին անդամներին կամ իրավապաշտպաններին։ Այդ իմաստով Մարդու իրավունքների տուն Երևանը մեզ համար և կարծում եմ նաև մյուս կազմակերպությունների համար, եղել է այն ապահով միջավայրը, որտեղ մենք կարողացել ենք քննարկել իրավիճակը, մշակել ռազմավարություններ և այլն։Մեր հիմնական ներդրումներից մեկը Մարդու իրավունքների տուն Երևանում այն է, որ մենք միշտ բերում ենք հետազոտական հեռանկարը, հասարակական մտահոգությունների վերաբերյալ տվյալներն ու վերլուծությունները։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որպեսզի կապը չկորի տարբեր հանրային խմբերի հետ։
Եվ վերջին հարցին պատասխանելով՝ ինչո՞ւ է Մարդու իրավունքների տուն Երևանը կարևոր իրավապաշտպանների համար։ Կարծում եմ՝ նախևառաջ այն պատճառով, որ Մարդու իրավունքների տուն Երևանի հիմնական նպատակը իրավապաշտպանների պաշտպանությունն է։ Այսինքն՝ դա է Մարդու իրավունքների տան գործունեության հիմնական առանցքը։Մարդու իրավունքների տուն Երևանը և այնտեղ աշխատող բոլոր կազմակերպությունները մշտապես զբաղվում են իրավապաշտպանների իրավունքների խախտումների, հալածանքների և քրեական գործերի փաստաթղթավորմամբ։ Եվ երբ ասում եմ «իրավապաշտպաններ», նկատի ունեմ նաև բնապահպաններին, լրագրողներին և ակտիվիստներին, ովքեր պայքարում են որևէ հարցի շուրջ։Այդ խախտումների փաստաթղթավորումը, դատական գործընթացներին հետևողական մասնակցությունը, այն դեպքերում, երբ իրավապաշտպաններին, ակտիվիստներին կամ լրագրողներին ներքաշում են դատական գործընթացների մեջ, դատական մոնիթորինգի իրականացումը և իրավապաշտպանների վերաբերյալ պարբերական զեկույցների պատրաստումը շատ կարևոր աշխատանք են։ Այս իմաստով իրավապաշտպանները գիտեն, որ կա այս ինստիտուտը, որը կարող է այս հարցերը առաջ տանել․ դա նրա հիմնական մանդատն է։Օրինակ՝ ռազմավարական դատավարությունների (SLAPP գործերի) դեպքերում, երբ տարբեր կորպորացիաներ, պետական մարմիններ կամ այլ կազմակերպություններ դատական հայցեր են ներկայացնում իրավապաշտպանների, ակտիվիստների կամ լրագրողների դեմ՝ նրանց ռեսուրսները սպառելու, լռեցնելու կամ վախեցնելու նպատակով, Մարդու իրավունքների տուն Երևանը մշտապես հետևում և արձագանքում է այդ գործընթացներին։ Նույնը վերաբերում է բնապահպաններին և լրագրողներին աջակցելուն․ սա կազմակերպության հիմնական և առանցքային ուղղություններից մեկն է։ Գուցե Հայաստանում կան այլ կազմակերպություններ, որոնք նույնպես զբաղվում են այս հարցերով, սակայն կարծում եմ, որ որպես հիմնական մանդատ և համակարգված գործունեություն՝ այս ուղղությամբ շատ աշխատում է Human Rights House-ը։Բացի տեղական գործունեությունից, Human Rights House-ը շատ ակտիվ ներգրավված է նաև միջազգային ադվոկացիայի մեջ։ Երբ տարբեր միջազգային հարթակներում՝ ԵԱՀԿ-ում (OSCE), ՄԱԿ-ում (UN) և այլ կառույցներում լսումներ են անցկացվում, մենք մասնակցում ենք նաև ստվերային զեկույցների (shadow reports) պատրաստմանը։ Միջազգային մակարդակում Human Rights House-ն ունի բարձր վստահելիություն (credibility), և Հայաստանի իրավիճակի ու համատեքստի ներկայացման համար հաճախ օգտագործվում են նաև մեր փաստերը և վերլուծությունները։ Մենք նաև միջազգային մակարդակում բարձրաձայնում ենք իրավապաշտպանների պաշտպանության հարցերը, ներկայացնում ենք առկա իրավիճակը և պարբերաբար փորձում ենք նպաստել օրենսդրական փոփոխությունների մշակմանը, որոնք ուղղված կլինեն իրավապաշտպանների պաշտպանությանը։
3. Ձեր կարծիքով՝ այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ո՞ր ոլորտն ամենից շատ ուշադրության և փոփոխությունների կարիք ունի։
Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը դեռևս զգալի բարեփոխումների կարիք ունի։ Բացի այդ, հաշվի առնելով, որ մարդու իրավունքների օրակարգն այսօրվա քաղաքական զարգացումների համատեքստում միշտ չէ, որ առաջնային տեղ է զբաղեցնում, կարծում եմ՝ առաջին հերթին անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել մարդու իրավունքների օրակարգի կարևորությունը։
Շատ հաճախ մարդու իրավունքների հարցերը երկրորդ պլան են մղվում՝ անվտանգության, խաղաղության, տնտեսության կամ այլ խնդիրների պատճառով։ Սակայն կան հատկապես խոցելի խմբեր, որոնց վիճակը մարդու իրավունքների տեսանկյունից շարունակում է մնալ առավել բարդ։Դրանք, օրինակ, ԼԳԲՏ անձինք են, ընտանեկան բռնության ոլորտում, թեև օրենսդրական որոշ բարեփոխումներ իրականացվել են, գործնականում՝ իրավակիրառ պրակտիկայի մակարդակում, դեռևս բազմաթիվ խնդիրներ կան։ Միևնույն ժամանակ հակախտրականության մասին օրենքը տարիներ շարունակ չի ընդունվում, թեև եվրոպական ինտեգրման գործընթացում ակնկալվում էր, որ այն պետք է արդեն ընդունված լիներ։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որպեսզի խտրականությունը տարբեր հիմքերով, այդ թվում՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով, հստակ արգելվի օրենքով և մարդիկ պաշտպանված լինեն։Ընդհանուր առմամբ կասեի, որ որքան ավելի խոցելի է որևէ խումբ, այնքան ավելի թույլ է նրա պաշտպանվածությունը, որովհետև առկա են նաև հասարակական բացասական վերաբերմունք, հոմոֆոբիա և խտրական խոսույթ, որոնք շարունակաբար նպաստում են այդ մարդկանց նկատմամբ թշնամանքի տարածմանը։ Կարծում եմ՝ այստեղ փոփոխությունների կարիք կա ոչ միայն օրենսդրության, այլև հասարակական մշակույթի և ընկալումների մակարդակում։
4. Կա՞ որևէ հետազոտական արդյունք կամ բացահայտում, որը ձեզ իսկապես զարմացրել է՝ մի բան, որը դուք չէիք ակնկալում տեսնել տվյալներում։
Կարծում եմ՝ մեր գրեթե բոլոր հետազոտությունները մեզ անընդհատ զարմացնում են։ Հետազոտության ընթացքում միշտ ունենում ես որոշակի սպասումներ, թե ինչ արդյունքների կհասնես, սակայն շատ հաճախ իրականությունը բոլորովին այլ պատկեր է ցույց տալիս, և հենց դա էլ հետազոտության ամենահետաքրքիր կողմերից մեկն է։ Օրինակ՝ մենք իրականացրել էինք հետազոտություն աշխատանքի գենդերային ասպեկտների վերաբերյալ։ Կատարում էինք նաև խորքային հարցազրույցներ շատ խոցելի իրավիճակում գտնվող կանանց հետ։ Այդ ընթացքում գործնականում տեսնում ես, թե որքան մեծ ուժ ունեն կանայք։Երբ հանդիպում ես, օրինակ, միայնակ մայրերի, հաշմանդամություն ունեցող կանանց կամ հաշմանդամություն ունեցող երեխա խնամող կանանց, տեսնում ես, թե որքան մեծ է նրանց դիմակայունությունը (resilience)։ Ինչպես են նրանք կարողանում դիմակայել դժվարություններին, միաժամանակ աշխատել, արարել և այդ դժվարությունների մեջ փոքրիկ ուրախություններ կամ հենման կետեր գտնել։Դա իսկապես շատ տպավորիչ էր մեզ համար՝ որպես հետազոտողների։ Տեսնում էինք, թե ինչպես են հայ կանայք, որոնք օրվա 24 ժամից գրեթե 18 ժամը պայքարում են պարզապես գոյատևելու համար, կարողանում իրենց երեխաների համար ստեղծել անվտանգության տարածք, ապահովել նվազագույն պայմաններ և միաժամանակ փորձել երջանկության փոքրիկ պահեր գտնել։ Մեզ շատ տպավորեց նաև այն, որ նրանք իրենց չեն տեսնում միայն որպես իրավիճակի զոհ։ Նրանք իրենց պատկերացնում են նաև որպես ակտիվ դերակատարներ, ովքեր կարող են փոխել սեփական կյանքը։
Մյուս օրինակը մեր վերջին հետազոտությունից է՝ երիտասարդների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ շատ տարածված է այն կարծիքը, թե երիտասարդները ապատիայի մեջ են, քաղաքականությամբ չեն հետաքրքրվում և այլն։ Մենք նույնպես այդ կանխավարկածով էինք մտել հետազոտական դաշտ, սակայն բացահայտեցինք շատ հետաքրքիր մեխանիզմներ և ձևակերպումներ։Մասնավորապես, հասկացանք, որ խոսքը ոչ այնքան ապատիայի, որքան օտարման մասին է։ Երիտասարդները, իրականում, շատ հետաքրքրված են տեղի ունեցող գործընթացներով, սակայն գիտակցաբար որոշակի հեռավորություն են պահում, որովհետև ընդհանուր առմամբ վստահություն չունեն քաղաքական գործընթացների նկատմամբ։Այս հետազոտությունը մեզ համար կարևոր էր նաև այն պատճառով, որ հնարավորություն տվեց առաջարկել նոր հասկացություններ և նոր լեզու այդ երևույթները նկարագրելու համար։ Երբ ասում ես, որ «երիտասարդները ապատիայի մեջ են», դա մեկ իմաստ ունի։ Իսկ երբ ասում ես, որ խոսքը ոչ թե ապատիայի, այլ ինստիտուտներից օտարման և անվստահության մասին է, արդեն բոլորովին այլ պատկեր և այլ բացատրություն ես ներկայացնում։
5. Ի՞նչն է ձեզ անձամբ բերել հետազոտության ոլորտ՝ որպես հասարակական փոփոխությունների հասնելու միջոց։ Ինչո՞ւ ընտրեցիք հետազոտությունն, այլ ոչ թե անմիջական իրավապաշտպան գործունեությունը։
Եթե խոսում ենք կազմակերպության մասին, ապա դրա հիմնադիրները հենց հետազոտողներ էին՝ երեք կին, որոնց միավորում էին սոցիոլոգիական կրթությունն ու հետազոտական փորձը։ Դա այն ոլորտն էր, որտեղ նրանք առավել փորձառու էին։Ինչպես դուք ճիշտ նշեցիք, հետազոտությունը կարող է լինել սոցիալական փոփոխության գործիք։ Մենք չենք կարծում, որ հնարավոր է կատարել լիովին անաչառ կամ չեզոք հետազոտություն։ Միշտ կարևոր է հասկանալ, թե ինչ տեսանկյունից ես ուսումնասիրում որևէ հարց, որն է քո նպատակը և միաժամանակ թափանցիկ լինել։ Այդ պատճառով մեզ համար հետազոտությունը կարևոր միջոց է՝ սոցիալական փոփոխությունների խթանման և ժողովրդավարության ամրապնդման համար։Հայաստանում նման մասնագիտացված հետազոտական կազմակերպություններ շատ քիչ են, հատկապես այնպիսիք, որոնք երկարաժամկետ և հետևողականորեն ուսումնասիրում են կոնկրետ թեմաներ։ Կարծում եմ՝ դա ևս իր դերն է ունեցել։Մեր կազմակերպության անդամների մեծ մասը հետազոտողներ են, և մենք հավատում ենք, որ խնդիրների շարունակական քննադատական ուսումնասիրությունը, վերլուծությունը և արդյունքների հանրայնացումը փոփոխությունների հասնելու կարևոր ճանապարհներից մեկն են։ Իհարկե, միայն հետազոտությունը բավարար չէ․ այն պետք է զուգորդվի ակտիվիզմի և իրավապաշտպան գործունեության հետ։Այդ առումով Մարդու իրավունքների տուն Երևանը շատ հետաքրքիր հարթակ է, որովհետև այն միավորում է տարբեր մասնագիտացում ունեցող կազմակերպությունների՝ հետազոտական, մշակութային իրավունքներով զբաղվող, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և այլ կազմակերպությունների։ Այդ կերպ յուրաքանչյուր կազմակերպություն բերում է իր փորձառությունն ու մասնագիտական գիտելիքը, և այդ ջանքերը միավորվում են ընդհանուր նպատակի շուրջ։
6. Ո՞րն է եղել ձեր ամենամեծ հաղթանակը որպես իրավապաշտպան, և ո՞րն է այն խնդիրը, որի լուծման համար դեռևս ամենաշատ աշխատանքն է անհրաժեշտ։
Կարծում եմ՝ ամենաշատ աշխատանքը դեռևս անհրաժեշտ է իրավապաշտպանների պաշտպանության ոլորտում։ Այսինքն՝ պետք է ստեղծվեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն, որ իրավապաշտպանները պաշտպանված լինեն և օրենքով ունենան իրենց պաշտպանելու արդյունավետ իրավական գործիքներ։Միևնույն ժամանակ կարևոր է փոխել նաև հանրային դիսկուրսը, որը հաճախ փորձում է ապալեգիտիմացնել իրավապաշտպան գործունեությունը, պիտակավորել իրավապաշտպաններին կամ ակտիվիստներին, օրինակ՝ որպես «գրանտակերներ»։ Կարծում եմ՝ հատկապես այս խնդիրը դեռևս լուծման կարիք ունի։
Իսկ եթե խոսենք ձեռքբերումների մասին, այս պահին կցանկանայի հատկապես արժևորել կին իրավապաշտպանների աշխատանքը, ովքեր այս տարիների ընթացքում կարողացել են էապես փոխել հանրային պատկերացումները կանանց իրավունքների, ընտանեկան բռնության, սեռական բռնության, ոտնձգությունների և տարբեր հարցերի վերաբերյալ։ Նրանք կարողացել են բարձրացնել հանրային ուշադրությունը և առաջ մղել կանանց իրավունքների օրակարգը։Որպես հետազոտող՝ մենք դա շատ հստակ տեսնում ենք։ Երբ տարիներ առաջ ուսումնասիրում էինք ընտանեկան բռնության թեման, և երբ այսօր քննարկում ենք նույն հարցերը կամ սեռական բռնության հետ կապված խնդիրները, շատ ակնհայտ է, թե որքան մեծ հասարակական փոփոխություն է տեղի ունեցել։ Այսօր կանայք շատ ավելի տեղեկացված և անհանդուրժող են իրենց նկատմամբ բռնության դրսևորումների նկատմամբ, ավելի հաճախ են բարձրաձայնում այդ խնդիրները։Կարծում եմ՝ սա այն կարևոր ձեռքբերումներից մեկն է, որով իսկապես կարելի է հպարտանալ։
- 13 Հոկտեմբերի, 2026
- Posted by: Alex Taroyan
- Category: Զեկույցներ