Մարդու իրավունքների տուն Երևանի աշխատարանը` քաղհասարակության դիմադրողականության բարձրացման համար

2025 թվականի նոյեմբերի 3-5-ը Մարդու իրավունքների տուն Երևանը կազմակերպեց «Բարձրացնելով հայաստանյան քաղհասարակության դիմադրողականությունը 2026 թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» խորագրով եռօրյա աշխատարանը իրավապաշտպանների և քաղհասարակության ներկայացուցիչների համար։ Աշխատարանի շրջանակում կազմակերպության գործընկերներ՝ «Սապարի» հասարակական կազմակերպության ղեկավար Բայա Պատարայան (Մարդու իրավունքների տուն Թբիլիսի) և Լեհաստանի Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամի խորհրդի նախագահ Մաչիե Նովիսկին քննարկեցին ռեպրեսիաների և պրոպագանդայի դեմ պայքարը ընտրությունների համատեքստում, քաղաքացիական դիմադրության  ռազմավարական պլանավորման և ընտրողների մոբիլիզացիայի գործիքակազմը, ինչպես նաև կիսվեցին լեհական և վրացական քաղհասարակության հաջողված և անհաջող փորձով։

Աշխատարանի ընթացքում ինտերակտիվ ձևաչափով քննարկվել և առանձնացվել են  այն գործոնները, որոնք նպաստում են ընտրական գործընթացներում հանրային ներգրավվածության ամրապնդմանը կամ, հակառակը, պատճառ են թույլ կազմակերպվածության և ազդեցության նվազման։ Վերոնշյալ քննարկումների նպատակն է անդրադառնալ և հասցեագրել նախընտրական, ընտրական և հետընտրական համատեքստում քաղհասարակության մտահոգությունները։



This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.