ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆՀԱՏ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՈՒ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻՑ  

 

Մարդու իրավունքների տուն Երևանը «Աջակցություն անհատ իրավապաշտպաններին ու իրավապաշտպան կազմակերպություններին Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհների մրցույթներ Ռուսաստանից, Ուկրաինայից ու Բելառուսից (Հայաստանում գործունեություն ծավալող) և աջակցության կարիք ունեցող իրավապաշտպանների ու իրավապաշտպան կազմակերպությունների համար։ Տրամադրվող դրամաշնորհներն են․

  • արագ արձագանքման դրամաշնորհներ․
  • կարողությունների զարգացման դրամաշնորհներ․
  • ջատագովության արշավների դրամաշնորհներ։

Ծրագրի նպատակն է աջակցել ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Ռուսաստանից, Ուկրաինայից ու Բելառուսից Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած (գործունեություն իրականացնող) իրավապաշտպաններին և իրավապաշտպան կազմակերպություններին, այդ թվում՝ լրագրողներին ու մեդիա կազմակերպություններին, որոնք ունեն աջակցության կարիք նոր իրողություններին հարմարվելու և իրենց իրավապաշտպան գործունեությունը Հայաստանում կազմակերպելու և (կամ) շարունակելու համար։

Դրամաշնորհներին կարող են դիմել Ռուսաստանից, Ուկրաինայից ու Բելառուսից Հայաստանում մշտական կամ ժամանակավոր բնակություն հաստատած (գործունեություն իրականացնող) անհատ իրավապաշտպաններն ու իրավապաշտպան կազմակերպությունները։

Արագ արձագանքման դրամաշնորհները տրամադրվում են այն անհատ իրավապաշտպաններին (նրանց ընտանիքի անդամներին), որոնք ունեն անհապաղ ֆինանսական, հոգեբանական և ծրագրով նախատեսված այլ անհետաձգելի աջակցության կարիք։

Կարողությունների զարգացման և ջատագովության արշավների համար դրամաշնորհները տրամադրվում են անհատ իրավապաշտպաններին ու իրավապաշտպան կազմակերպություններին նոր իրողություններում իրենց իրավապաշտպան գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ կարողություններ զարգացնելու, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձ գրանցելու, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված ջատագովության արշավներ իրականացնելու համար։

Մրցույթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը, ինչպես նաև տրամադրվող դրամաշնորհներին դիմելու հայտադիմումների ձևերին անգլերեն և ռուսերեն լեզուներով կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

 

 

Մարդու իրավունքների տուն Երևան,

17 հունվարի 2023 թ․, Երևան 

19 Հունվարի, 2023