Սույն թվականի մարտի 18-ին արձանագրվեց բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից բռնություն գործադրելու հերթական միջադեպը։ Ինչպես երևում է համացանցում տարածված տեսանյութից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ենթադրաբար անձնական դրդապատճառներից ելնելով, հասարակական վայրում հարձակվել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, հարվածել նրան, վնասել գույքը։
Մարդու իրավունքների տուն Երևանը դատապարտում է լրագրողի նկատմամբ բռնության գործադրումը, ինչը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ արտահայտման ազատության վրա, հատկապես երբ դա արվում է հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից։ Նախարար Հակոբ Արշակյանի նման վարքագիծն անընդունելի է նույնիսկ իր հասցեին ենթադրաբար հնչեցված վիրավորանքի կամ քննադատության պարագայում։
Միաժամանակ, նշված միջադեպը պետք դիտարկել երկրում վերջին տարիներին տիրող ատելության մթնոլորտի ու անպատժելիության համատեքստում։ Մարդու իրավունքների տուն Երևանը, դեռևս 2020 թ․ մայիսին անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի կողմից բռնության գործադրման միջադեպին, հայտարարել է․ «․․․ տեղի ունեցածը գնահատում ենք իբրև իրավական մեխանիզմներով հանրային խնդիրների լուծման ձախողում, իրավապահ մարմինների ուշացող բարեփոխման վկայություն, դրանց անհամարժեք գործունեության հետևանք, որի պայմաններում արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում կուսակցական հակամարտության գործիք է դարձել ցինիզմը, սուտը և անհիմն վարկաբեկումը։ Այս համատեքստում ծաղկում են նեղ քաղաքական նպատակներով կազմակերպված ատելության խոսքի արշավները, սադրանքներն ու բռնարարքները։»։
Կրկին դատապարտելով լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը՝ իրավապահ մարմիններին կոչ ենք անում օբյեկտիվ քննություն իրականացնել միջադեպի առնչությամբ և միջոցներ ձեռնարկել նախարար Հակոբ Արշակյանին պատասխանատվության կանչելու ուղղությամբ՝ գործող օրենսդրության հիման վրա։
Մարդու իրավունքների տուն Երևան
19 մարտի 2021, Երևան