Մենք դատապարտում ենք ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի «տղայական» արձագանքը «տղայական» սադրանքին՝ համոզված լինելով, որ հեղափոխական շրջադարձը Հայաստանում բոլոր տեսակ քաղաքական կոնֆլիկտներին իրավական լուծումներ գտնելու ճանապարհն է։
Մենք դատապարտում ենք տղամարդ գործիչների կողմից սեռական հայհոյանքներով կանանց և մայրերին իբրև մշակութային սիմվոլիկ զենքեր և վահաններ գործադրելու «տղայական» մոտեցումը։
Մենք դատապարտում ենք նաև բարձրաստիճան պաշտոնյա Սիմոնյանի կողմից հայհոյանքի սադրանքին տրվելու իր սխալմունքի մեկնաբանությունն իբրև բարոյապես ընդունելի և խրախուսելի, ըստ էության՝ լեգիտիմ վարվելակերպ ներկայացնելու փորձը։ Սա համարում ենք անպատասխանատու կեցվածք՝ իրավական և բռնությունից զերծ մշակույթ զարգացնելու հռչակված հետհեղափոխական քաղաքական օրակարգի, զբաղեցրած բարձր պաշտոնի և պաշտոնատար անձի վարքի սոցիալ-քաղաքական հետևանքների հանդեպ։
Մենք տեղի ունեցածը գնահատում ենք իբրև իրավական մեխանիզմներով հանրային խնդիրների լուծման ձախողում, իրավապահ մարմինների ուշացող բարեփոխման վկայություն, դրանց անհամարժեք գործունեության հետևանք, որի պայմաններում արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում կուսակցական հակամարտության գործիք է դարձել ցինիզմը, սուտը և անհիմն վարկաբեկումը։ Այս համատեքստում ծաղկում են նեղ քաղաքական նպատակներով կազմակերպված ատելության խոսքի արշավները, սադրանքներն ու բռնարարքները։
Արդեն երկու տարի է, ինչ քաղաքացիական ակտիվիստների, իրավապաշտպանների և պարզապես առաջադիմական ցանկացած գործունեության նկատմամբ և իրավահավասարության տեսանկյունից հեղափոխական նշանակություն ունեցող օրենսդրական նախագծերի դեմ իրականացվում է կազմակերպված արշավ։
Թիրախավորվում են կին և ԼԳԲՏ իրավապաշտպանները, ֆիզիկական հարձակման ենթարկվում, ինչպես Շուռնուխ գյուղում, սակայն հարձակումները չեն ստանում համարժեք իրավական և քաղաքական գնահատականներ։ Ընդհակառակը, բռնությունը տոնակատարության առիթ են դարձնում, իսկ այդ տոնակատարությունը կազմակերպած ուժերը ընդլայնում են իրենց հանրային գործունեության սահմանները։ Ատելության խոսք և բռնության կոչեր են հնչում իրավապաշտպան կազմակերպությունների և առանձին դոնոր կառույցի նկատմամբ, ինչպես Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի դեպքում։ Այս կազմակերպություններում աշխատող անձնակազմը, նրանց հետ առնչված և երբևէ չառնչված իրավապաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ, հանրային գործիչներ և անգամ ժամանակակից արվեստագետներ («Հուզանք և զանգ») հանրայնորեն ֆիզիկական և վիրտուալ հարձակումների, հետապնդումների և պիտակավորման են արժանանում, սակայն նույնիսկ ներկա գտնվող ոստիկանների կողմից համարժեք պաշտպանություն չեն ստանում։
Պետական գործիչները ուշացնում են բռնարարքների վճռական դատապարտումները բոլոր այս և այլ դեպքերում՝ զգուշանալով իրենց անունը կապակցված տեսնելուց իրավապաշտպան օրակարգերի կամ առաջադիմական նախագծերի հետ և խուսափելով իրենց հերթին վարկաբեկման թիրախ դառնալուց։ Այսպիսի անհամարձակ մոտեցումով, սակայն, թույլ են տալիս, որ ազգային արժեքների և հայրենիքի անունից սեփական հայրենակիցների հանդեպ բռնություն քարոզելը, հարձակումները, ցինիզմը և սադրանքը անպատիժ կերպով դառնան առօրեականություն և ընդարձակվեն։
Սադրիչ արշավների հեղինակ հակաժողովրդավարական և հակաիրավապաշտպանական ուժերն այդպիսով հասնում են իրենց ձգտած նպատակին․ մինչ օրս արգելակում են իրավապահ համակարգի արմատական բարեփոխումը, իրավահավասարության, խտրականության ու բռնության դեմ պայքարի և այլ հրատապ բարեփոխումները, սահմանափակում են իրավապաշտպանների գործունեության տարածքը, ցուցադրում են իրավապահ համակարգի անկարողությունը, դրա հանդեպ անվստահություն և անպաշտպանության մթնոլորտ ձևավորում, վարկաբեկում են նոր կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումները, իսկ կոնկրետ վերջին դեպքում ԱԺ բարձրաստիճան պաշտոնյային հաջողում են դրդելհակաիրավական գործողության։
Այսպիսով, բռնության անպատժելիության շղթան բռնությունների նորանոր ալիքներ և բռնարարների ակտիվացման է հանգեցնում, որին համարժեք չեն արձագանքում ո՛չ կառավարող, և ո՛չ էլ ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Արդյունքում հեղափոխությունից երկու տարի անց բռնության, գողական հակամշակույթի, «տղայական» մտածելակերպի դեմ հռչակված պայքարը դեռևս հռչակագրային բնույթ է կրում և հեռու է իրական ու գործնական արդյունքներից։
Մենք պահանջում ենք՝
-
- ՀՀ ԱԺ խոսնակի տեղակալ Ալեն Սիմոնյանից հայհոյանքին «տղայական» բռնությամբ արձագանքելը ընդունելի համարելու պայմաններում՝ հրաժարվել իրավական կյանքը սահմանադրող հաստատության՝ ԱԺ պատգամավորի բարձր մանդատից։
- ՀՀ ԱԺ-ից օր առաջ ձևավորել ԱԺ էթիկայի հանձնաժողով և քննել ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների տղամարդ և կին պատգամավորների կողմից կնատյաց և հոմոֆոբիկ հռետորաբանությունը, ատելության խոսքն ու վարքը, տալ համարժեք գնահատականներ և կիրառել սանկցիաներ՝ սահմանափակելով եւ կանխարգելելով արատավոր վարվելակերպերի կրկնությունները, դրանց հանրային լեգիտիմացումն ու ընդարձակումը։
- ՀՀ կառավարությունից և ԱԺ-ից հրատապ և արմատական լուծում տալ դատաիրավական, իրավապահ համակարգի երկար սպասված համակարգային բարեփոխումներին։
- ՀՀ կառավարությունից և ԱԺ-ից վճռականորեն ձեռնարկել իրավահավասարության և խտրականության ու բռնության հակամշակույթի դեմ օրենսդրական բոլոր նախաձեռնությունների հրատապ քննարկումները և ընդունումը։
- ՀՀ կառավարությունից և ԱԺ-ից կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններում ամրագրել ֆաշիզմի, անհանդուրժողականության ու խտրականության քարոզի արգելքը և իրավունքի գերակայության սկզբունքին հավատարմությունը՝ իբրև կուսակցությունների ձևավորման նախապայման։
- ՀՀ կառավարությունից և ԱԺ-ից գործուն իրավական ու կազմակերպական կառուցակարգերի միջոցով ապահովել, որպեսզի բացառվեն ատելության խմբերի կողմից քաղաքացիական հասարակության խաղաղ հավաքների և միավորումների ազատությանը խոչընդոտելու կամ սահմանափակելու փորձերն ու իրական սպառնալիքները՝ գիտակցելով, որ այդպիսիք ի չիք են դարձնում իրական ժողովրդավարությունը, ազատությունն ու հավասարությունը։
Հայտարարությունը բաց է միանալու համար։
02 մայիսի 2020 թ․, Երևան
Մարդու իրավունքների տուն Երևան