Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

համարելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ հռչակված սկզբունքների համաձայն, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմքն է,

հաշվի առնելով, որ Միավորված ազգերի ժողովուրդները Կանոնադրության մեջ վերահաստատել են իրենց հավատը մարդու հիմնարար իրավունքների և մարդկային անհատի արժանապատվության ու արժեքի նկատմամբ ու վճռել են քաջալերել սոցիալական առաջընթացն ու կենսամակարդակի բարելավումը առավել ազատության պայմաններում,

ճանաչելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային դաշնագրերում հռչակել ու համաձայնել է, որ յուրաքանչյուր մարդ օժտված է դրանցում ամրագրված բոլոր իրավունքներով ու ազատություններով՝ առանց որևէ տարբերակման այնպիսի հիմքով, ինչպիսիք են ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական և այլ համոզմունքը, ազգային կամ սոցիալական ծագումը, գույքային դրությունը, ծնունդը կամ այլ կարգավիճակը,

հիշելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակել է, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք,

համոզված լինելով, որ ընտանիքին՝ որպես հասարակության հիմնարար խմբային միավորի, և նրա բոլոր անդամների ու հատկապես երեխաների աճի ու բարեկեցության բնական միջավայրի, պետք է ցուցաբերվի անհրաժեշտ պաշտպանություն և աջակցություն, որպեսզի կարողանա լիարժեք կերպով ստանձնել իր պարտականությունները հասարակության շրջանակներում, ճանաչելով, որ երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում,

համարելով, որ երեխան լիարժեք կերպով պետք է նախապատրաստվի հասարակության մեջ անհատական կյանքով ապրելուն և դաստիարակվի Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ հռչակված իդեալների և հատկապես խաղաղության, արժանապատվության, հանդուրժողականության, ազատության, հավասարության և համերաշխության ոգով,

հաշվի առնելով, որ երեխային այդպիսի հատուկ հոգածություն տրամադրելու անհրաժեշտությունը նախատեսված է Երեխայի իրավունքների 1924թ. Ժնևի հռչակագրում և 1959թ. նոյեմբերի 20-ին Գլխավոր ասամբլեայի ընդունած Երեխայի իրավունքների հռչակագրում և ճանաչված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում (մասնավորապես 23 և 24-րդ հոդվածներում), Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում (մասնավորապես 10-րդ
հոդվածում), ինչպես նաև երեխաների բարեկեցության հարցերով զբաղվող հատուկ մասնագիտացված հաստատությունների և միջազգային կազմակերպությունների կանոնադրություններում և համապատասխան փաստաթղթերում,

հաշվի առնելով, որ ըստ Երեխայի իրավունքների հռչակագրի՝ «երեխան, նկատի ունենալով նրա ֆիզիկական և մտավոր անհասունությունը, կարիք ունի հատուկ պաշտպանության և հատուկ հոգատարության, ներառյալ՝ պատշաճ իրավական պաշտպանությունը ծնվելուց առաջ և հետո»,

վկայակոչելով Երեխաների պաշտպանության և բարեկեցության՝ հատկապես ներպետական և միջազգային մակարդակով երեխաների խնամակալության սահմանման և որդեգրման ժամանակ, սոցիալական և իրավական սկզբունքների մասին հռչակագրի, Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության նվազագույն ստանդարտ կանոնների («Պեկինյան կանոններ») և Արտակարգ իրավիճակներում ու զինված ընդհարումների ժամանակ կանանց և երեխաների պաշտպանության մասին հռչակագրի դրույթները,

ընդունելով, որ աշխարհի բոլոր երկրներում կան բացառիկ ծանր պայմաններում ապրող երեխաներ և այդ երեխաները կարիք ունեն հատուկ ուշադրության,

պատշաճ կերպով հաշվի առնելով երեխայի պաշտպանության և ներդաշնակ զարգացման համար յուրաքանչյուր ժողովրդի ավանդույթների և մշակութային արժեքների կարևորությունը,

ընդունելով յուրաքանչյուր երկրում, մասնավորապես՝ զարգացող երկրներում երեխաների կյանքի բարելավման համար միջազգային համագործակցության կարևորությունը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

31 Հուլիսի, 2020