Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

նշելով, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը վերահաստատում է հավատը մարդու հիմնարար իրավունքների, մարդկային անհատի արժանապատվության ու արժեքի և տղամարդկանց ու կանանց իրավահավասարության նկատմամբ,

նշելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հաստատում է խտրականության անթույլատրելիության սկզբունքը և հռչակում, որ բոլոր մարդիկ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով ծնվում են ազատ ու հավասար, և որ յուրաքանչյուր ոք օժտված է Հռչակագրում ամրագրված բոլոր իրավունքներով ու ազատություններով՝ առանց որևէ տարբերակման, այդ թվում նաև առանց սեռի հիմքով տարբերակման,

նշելով, որ մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագրերի մասնակից պետությունները պարտավորություն ունեն ապահովելու կանանց և տղամարդկանց՝ տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական և քաղաքական բոլոր իրավունքներից օգտվելու հավասար իրավունքները, հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության և մասնագիտացված հաստատությունների հովանու ներքո կնքված՝ տղամարդկանց և կանանց իրավահավասարությանը նպաստող միջազգային կոնվենցիաները,

նշելով նաև Միավորված ազգերի կազմակերպության և մասնագիտացված հաստատությունների կողմից ընդունված՝ տղամարդկանց և կանանց իրավահավասարությանը նպաստող բանաձևերը, հռչակագրերն ու հանձնարարականները, մտահոգված, որ, չնայած այդ զանազան փաստաթղթերին, կանանց նկատմամբ շարունակում է գոյություն ունենալ զգալի խտրականություն,

հիշելով, որ կանանց նկատմամբ խտրականությունը խախտում է իրավահավասարության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքները, խոչընդոտում է տղամարդկանց հետ հավասար պայմաններով կանանց մասնակցությանն իրենց երկրների քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքին, անհամատեղելի է հասարակության ու ընտանիքի բարեկեցության աճին և ավելի է դժվարացնում կանանց հնարավորությունների լիակատար դրսևորումը՝ ի շահ իրենց երկրների և մարդկության,

մտահոգված լինելով, որ աղքատության պայմաններում կանայք ամենանվազ չափով են օգտվում սննդից, առողջապահությունից, կրթությունից, մասնագիտական պատրաստությունից և աշխատելու հնարավորությունից, ինչպես նաև այլ պահանջմունքներից,

համոզված լինելով, որ հավասարության և արդարության վրա հիմնված միջազգային նոր տնտեսական կարգի հաստատումն զգալիորեն կնպաստի տղամարդկանց և կանանց միջև հավասարության ապահովմանը, ընդգծելով, որ ապարտեիդի, ռասիզմի բոլոր ձևերի, ռասայական խտրականության, գաղութատիրության, նոր գաղութատիրության, ագրեսիայի, օտարերկրյա բռնազավթման ու տիրապետության և պետությունների ներքին գործերին միջամտելու պրակտիկայի վերացումն անհրաժեշտ պայման է տղամարդկանց ու կանանց իրավունքների լիակատար իրականացման համար,

հաստատելով, որ միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդումը, միջազգային լարվածության թուլացումը, բոլոր պետությունների միջև փոխադարձ համագործակցությունը՝ անկախ նրանց սոցիալական ու տնտեսական համակարգերից, համընդհանուր և լիակատար զինաթափումը, մասնավորապես, խիստ և արդյունավետ միջազգային վերահսկողության ներքո միջուկային զինաթափումը, երկրների միջև հարաբերություններում արդարության, հավասարության ու փոխշահավետության սկզբունքների հաստատումը, օտարերկրյա ու գաղութային տիրապետության և օտարերկրյա բռնազավթման տակ գտնվող ժողովուրդների ինքնորոշման և անկախության իրավունքի իրականացումը, ինչպես նաև հարգանքը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ կխթանեն սոցիալական առաջընթացն ու զարգացումը և, որպես հետևանք, կնպաստեն տղամարդկանց ու կանանց միջև լիակատար հավասարության ձեռքբերմանը,

համոզված լինելով, որ երկրի լիակատար զարգացումը, աշխարհի բարեկեցությունը և խաղաղության գործը պահանջում են տղամարդկանց հետ հավասար պայմաններով կանանց առավելագույն մասնակցություն բոլոր բնագավառներում,

հաշվի առնելով ընտանիքի բարեկեցության և հասարակության զարգացման գործում կանանց մեծ ներդրումը, ինչը մինչ այժմ լիարժեքորեն չի ճանաչվել, մայրության ու երկու ծնողների դերի սոցիալական նշանակությունն ընտանիքում և երեխաների դաստիարակության հարցում, և

գիտակցելով, որ վերարտադրության գործում կնոջ դերը չպետք է հիմք հանդիսանա խտրականության համար, քանզի երեխաների դաստիարակությունը պահանջում է պարտականությունների բաշխում տղամարդկանց ու կանանց և հասարակության միջև՝ ամբողջությամբ վերցված,

գիտակցելով, որ տղամարդկանց ու կանանց միջև լիակատար հավասարության հասնելու համար անհրաժեշտ է փոխել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ավանդական դերը հասարակության մեջ և ընտանիքում,

լի վճռականությամբ՝ իրագործելու Կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին հռչակագրում ամրագրված սկզբունքները և այդ նպատակով ձեռնարկելու բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են նման խտրականությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով վերացնելու համար,

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

31 Հուլիսի, 2020