«Պատվ/րաստվիր» մեդիա արշավ․ Սինեմարթ

 

Քովիդ-19 համավարակը սպառնալիք էր ոչ միայն հանրային առողջության, այլև համավարակի և պատվաստանյութերի վերաբերյալ մեդիա տիրույթում շրջանառվող տեղեկատվության հավաստիության առումով։ Պատվաստանյութերի շուրջ վախ սերմանելու նպատակով շրջանառվող ապատեղեկատվությունը հաճախ հետ էր պահում մարդկանց պատվաստվելուց: «Սինեմարթ» ՀԿ-ն կարևոր դեր է խաղացել ապատեղեկատվությանը հակազդելու և հանրությանը իրազեկելու հարցում՝ պատվաստանյութերի և առողջության վրա դրանց ունեցած ազդեցության վերաբերյալ իրազեկման արշավ իրականցնելու միջոցով: Սինեմարթի կողմից կազմակերպված մեդիա արշավն իրականացվել է և՛ օնլայն և՛  օֆֆլայն հարթակներում: Ծրագիրն իրականացվել է «COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում:

 

 

 

Լոռու մարզում իրականացված «Պատվ/րաստվիր» մեդիա արշավի շնորհիվ կազմակերպությունը համագործակցել է շուրջ 340 տնտեսվարողների հետ՝ նպաստելով հանրային իրազեկվածության բարձրացմանը: «Մեր աշխատակազմը պատվաստված է» մակագրությամբ հայերեն, անգլերեն և ռուսերեն իրազեկող պաստառներ են փակցվել այն խանութների և համայնքային կենտրոնների տարածքներում, որոնց ամբողջ անձնակազմը պատվաստված է եղել։

Ավելին, կազմակերպությունը արշավի ընթացքում պատրաստել է 3 սոցիալական հոլովակներ, որոնք տարածվել են հայկական լրատվամիջոցների կողմից՝ ունենալով առավել քան 400․000 դիտում: Ըստ այդմ՝ արշավը մեծ լսարան է ունեցել ոչ միայն Լոռու մարզում, այլև ամբողջ Հայաստանում՝ իրազեկելով հանրութանը Քովիդ-19 պատվաստանյութերի կարևորության մասին: «Արշավի ընթացքում որոշ տնտեսվարողներ հրաժարվել են մասնա կցել արշավին և իրենց տարածքում փակցնել իրազեկող պաստառները, բայց ծրագիրը մեծ հաշվով հաջողել է և լայն լսարան է ունեցել»,- նշում է կազմակերպության նախագահ Վարդուհի Անանյանը:

«COVID-19 Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն»-ը 48 ամսյա ծրագիր է, որն իրականացվում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» (ERIM) ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության և Մարդու իրավունքների տուն Երևանի (HRHY) կողմից՝ Եվրոպական միության (EU) ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության կայունությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ նրանց հնարավորություն տալով մեղմացնել COVID-19-ի անմիջական և երկարաժամկետ ազդեցությունը։

 

11 Հունվարի, 2023