Մարդու իրավունքների տուն Երևանը իրականացնում է հարցազրույց իրավապաշտպանի հետ: Հարցազրույցի առաջին մասնակիցը Կանանց ռեսուրսային կենտրոնի Գործադիր տնօրեն՝ Անուշ Պողոսյանն է

1. Ո՞րն է ձեր կազմակերպության առաքելությունը և ի՞նչ հիմնական ուղղություններով եք աշխատում։
Մեր կազմակերպությունը հիմնադրվել 2003 թ-ին և աշխատում է կանանց իրավունքների ոլորտում:
Կանանց ռեսուրսային կենտրոնը առաջնորդում է հավաքական պայքար՝ Հայաստանում հայրիշխանական համակարգերին մարտահրավեր նետելու և փոխակերպելու համար։
Զորեղացման, ադվոկացիայի և համերաշխության միջոցով, մենք՝
- Աջակցում և ամրապնդում ենք կանանց և դեռահաս աղջիկների բազմազան խմբերին,
- Բացահայտում, դիմադրում և խաթարում ենք ճնշումների և խտրականության մշակութային, կառուցվածքային և համակարգային ձևերը,
- Խթանում ենք վարքագծային, սոցիալական և քաղաքական փոխակերպողական փոփոխություններ, որոնք առաջ են մղում գենդերային արդարությունն ու հավասարությունը:
Մեր համատեղ պայքարը ներառում է նաև ԼԳԲՏԻՔ+ անձանց, մարգինալացված համայնքներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են արդարության, ներառականության և ազատագրման մեր արժեքները։
ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ-մշակութային և օրենսդրական դաշտերի վրա:
Կանանց ռեսուրսային կենտրոնը գործում է 3 հիմնական թեմատիկ ուղղություններով`
- Ֆեմինիստական ապահով տարածք և կանանց ու աղջիկների զորեղացում
- Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք
- Կանանց իրավունքների ադվոկացիա
2. Ի՞նչ նշանակություն ունի Մարդու իրավունքների տունը ձեր կազմակերպության համար և Ինչո՞վ է այն կարևոր իրավապաշտպանների համար։
Մարդու իրավունքների տունը Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի համար պարզապես աշխատանքային կամ համագործակցության հարթակ չէ։
Որպես հիմնադիր անդամ՝ մենք այն դիտարկում ենք որպես համերաշխության, փոխադարձ աջակցության և մարդու իրավունքների պաշտպանության համատեղ գործողությունների տարածք։
Այն հնարավորություն է տալիս միավորել տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների փորձն ու ռեսուրսները, արագ արձագանքել մարդու իրավունքների խախտումներին և ստեղծել անվտանգ միջավայր իրավապաշտպանների աշխատանքի համար։
Իրավապաշտպանների համար Մարդու իրավունքների տունը կարևոր է, քանի որ այն նպաստում է համագործակցությանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը, կարողությունների զարգացմանը և միջազգային կապերի ամրապնդմանը։
Հատկապես այնպիսի միջավայրում, որտեղ իրավապաշտպանները հաճախ բախվում են ճնշումների, թիրախավորման կամ մասնագիտական մեկուսացման, Մարդու իրավունքների տունը ստեղծում է համերաշխության և պաշտպանության կարևոր հարթակ։
Միասին գործելով՝ մենք ավելի ուժեղ ենք կարողանում պաշտպանել մարդու իրավունքները և նպաստել ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը Հայաստանում։
3. Ձեր կարծիքով՝ այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ո՞ր ոլորտն է ամենից շատ ուշադրության և փոփոխությունների կարիք ունի։
Կարծում եմ, որ ամենամեծ ուշադրության կարիքն այսօր ունի կանանց նկատմամբ բռնության կանխարգելումն ու գենդերային հավասարության ապահովումը։
Թեև վերջին տարիներին որոշ առաջընթաց կա, դեռևս անհրաժեշտ է ոչ միայն կատարելագործել օրենսդրությունը, այլև ապահովել դրա արդյունավետ կիրառումը և փոխել հասարակության վերաբերմունքը։
4. Ձեր կազմակերպությունը ոչ միայն աջակցում է կանանց, այլև աշխատում է օրենսդրական փոփոխությունների և հանրային իրազեկման ուղղությամբ։ Ո՞րն է ավելի դժվար՝ փոխել օրենքը, թե՞ հասարակության վերաբերմունքը։
Ավելի դժվար է փոխել հասարակության վերաբերմունքը։
Օրենքը կարելի է ընդունել, բայց եթե պահպանվում են կարծրատիպերն ու զոհին մեղադրելու մշակույթը, նույնիսկ լավագույն օրենքները լիարժեք չեն գործում։
Այդ պատճառով ԿՌԿ֊ն միաժամանակ աշխատում է և՛ օրենսդրական բարեփոխումների, և՛ իրազեկման ուղղությամբ։
5. Այսօր ո՞րն է այն ամենատարածված կարծրատիպը կանանց իրավունքների վերաբերյալ, որը, ձեր կարծիքով, շարունակում է խոչընդոտել հավասարության հասնելուն Հայաստանում։
Ամենատարածված կարծրատիպերից մեկն այն է, թե կանանց իրավունքների պաշտպանությունը կանանց հատուկ արտոնություններ տալու մասին է։
Իրականում խոսքը հավասար հնարավորությունների, խտրականությունից և բռնությունից ազատ կյանքի իրավունքի մասին է։
6. Եթե պետք լիներ առանձնացնել Ստամբուլյան կոնվենցիայի մեկ դրույթ, որի լիարժեք իրականացումը կարող էր ամենամեծ ազդեցությունն ունենալ Հայաստանում, ո՞րը կլիներ այն և ինչո՞ւ։
Կառանձնացնեի պետության due diligence(պատշաճ ջանասիրության) պարտավորությունը՝ կանխարգելել բռնությունը, պաշտպանել տուժողներին, արդյունավետ հետաքննել դեպքերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Եթե այս սկզբունքը լիարժեք իրականացվի, դա զգալիորեն կուժեղացնի կանանց պաշտպանության ամբողջ համակարգը։
7. Ո՞րն է եղել ձեր ամենամեծ հաղթանակը որպես իրավապաշտպան, և ո՞րն է այն խնդիրը, որի լուծման համար դեռևս ամենաշատ աշխատանքն է անհրաժեշտ։
Մեր ամենամեծ ձեռքբերումներից են այն օրենսդրական փոփոխությունները, որոնց մշակմանն ու առաջխաղացմանը մասնակցել ենք՝ մասնավորապես ՀՀ աշխատանքային օրենսգրքում սեռական ոտնձգությունների վերաբերյալ փոփոխությունները, Ընտանեկան բռնության մասին օրենսդրության ընդունումը, ինչպես նաև վերարտադրողական իրավունքների վերաբերյալ օրենսդրական բարեփոխումները:
Սակայն դեռևս ամենամեծ մարտահրավերը մնում է այդ օրենքների արդյունավետ իրականացումը և գենդերային կարծրատիպերի հաղթահարումը, քանի որ կայուն փոփոխությունը սկսվում է ոչ միայն օրենքից, այլև մտածողությունից։
- 29 Սեպտեմբերի, 2026
- Posted by: Alex Taroyan
- Category: Մեդիա կենտրոն