Մարդու իրավունքների տուն Երևանը իրականացնում է հարցազրույց իրավապաշտպանի հետ: Հարցազրույցի երկրորդ մասնակիցը Փինք իրավապաշտպան հկ-ի նախագահ՝ Կարինե Աղաջանյանն է:

1. Ո՞րն է ձեր կազմակերպության առաքելությունը և ի՞նչ հիմնական ուղղություններով եք աշխատում։
Փինքի առաքելությունն է զորեղացնել ԼԳԲՏ+ անձանց (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս և այլ
սեռական կողմնորոշում կամ գենդերային ինքնությւոն ունեցող անձանց), ինչպես նաև
բարձրացնել նրանց բարեկեցությունն ու մարդու իրավունքների պաշտպանությանը և
նպաստել խտրականությունից զերծ հասարակության ձևավորմանը։
Իրականում դժվար է մի քանի նախադասությամբ պատմել այն ահռելի աշխատանքը, որ անում ենք լինելով 18
տարեկան կազմակերպություն, այդքան փորձառու և մասնագիտացած ոլորտում,
այնուամենայնիվ, հպարտությամբ ասեմ, որ մենք տրամադրում ենք զգայուն ու
պորֆեսիոնալ մասնագիտական աջակցության ծառայություններ, սոցիալական աշխատողի
խորհրդատվություն, իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական
աջակցություն ԼԳԲՏ+ անձանց, ում իրավունքները խախտվել են սեռական կողմնորոշման
կամ գենդերային ինքնության հիմքով։
Միաժամանակ, իրականացնում ենք օրենսդրական բարեփոխումների ջատագովություն՝ ուղղված հակախտրական իրավական մեխանիզմների
ներդրմանը։
Կազմակերպությունը տրամադրում է մասնագիտացված հոգեբանական
աջակցություն, որն օգնում է համայնքի ներկայացուցիչներին հաղթահարել ներքնայնացված
հոմոֆոբիան, սթրեսը և տագնապները։
Գործում են նաև աջակցման խմբեր ինչպես ԼԳԲՏ+ անձանց, այնպես էլ նրանց ընտանիքի անդամների և հարազատների համար։
Մենք կազմակերպում ենք դասընթացներ, սեմինարներ և տեղեկատվական արշավներ, որոնք
ուղղված են հանրության շրջանում ԼԳԲՏ+ թեմաների մասին գիտելիքների տարածմանը,
կարծրատիպերի կոտրմանը և կարեկցանքի մթնոլորտի ձևավորմանը։
Աշխատում ենք նաև տարբեր մասնագիտական խմբերի (լրագրողներ, իրավաբաններ, հոգեբաններ) հետ՝
զարգացնելու համայնքի հետ զգայուն և էթիկական աշխատանքի հմտությունները։
Ստեղծում ենք անվտանգ տարածքներ համայնքի ինքնակազմակերպման, մշակութային ու
սոցիալական միջոցառումների համար, ինչպես նաև խթանում ենք համագործակցությունը
մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ տեղական և միջազգային
կազմակերպությունների հետ։
2. Ի՞նչ նշանակություն ունի Մարդու իրավունքների տունը ձեր կազմակերպության համար և ինչո՞վ է այն կարևոր իրավապաշտպանների համար։
Փինքը ՄԻՏ-ի հիմնադիր անդամներից մեկն է։
Իրականում մենք տարիների հետևողական աշխատանք ու մեծ ջանքեր ենք ներդրել այս համագործակցության կայացման և Հայաստանում ՄԻՏ-ի հիմնադրման համար։
Այսօր չափազանց ուրախալի է տեսնել, որ այդ երկարատև աշխատանքն արդյունք է տվել, և արդեն ունենք
ֆիզիկական այն տարածքը՝ շենքը, որը կծառայի որպես այսպես ասած տուն իրավապաշտպանների համար։
Սա մի տարածք է, որտեղ մեկտեղվում են տարբեր ուղղվածություն ունեցող իրավապաշտպան հասարակական կազմակերպություններն ու անհատները։
Այն հնարավորություն է տալիս սերտացնել կապերը, փոխանակվել փորձով և հանդես գալ համատեղ նախաձեռնություններով։
Իրավապաշտպան գործունեությունը հաճախ կապված է տարբեր մարտահրավերների և ճնշումների հետ։
ՄԻՏ-ը դառնում է այն անվտանգ միջավայրը, որտեղ հնարավոր է ստանալ գործընկերային աջակցություն, զգալ փոխադարձ համերաշխություն և ավելի պաշտպանված զգալ։
Այս ձևաչափը թույլ է տալիս ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները, բարձրացնել համատեղ ջատագովության ջանքերը։
3. Ձեր կարծիքով՝ այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ո՞ր ոլորտն ամենից շատ ուշադրության և փոփոխությունների կարիք ունիրի համար։
Իհարկե, մարդու իրավունքներն անբաժանելի են, և բոլոր ոլորտներն էլ հավասարապես
կարևոր են, սակայն որպես իրավապաշտպան՝ ես այսօր Հայաստանում
առանձնացնում եմ երեք հիմնասյուներ, որոնք ունեն ամենահրատապ ուշադրության և
համակարգային փոփոխությունների կարիքը։
Իհարկե դրանք փոխկապակցված են և
ձևավորում են ցանկացած իրավական պետության հիմքը։
Դրանք են առաջինը՝
արդարադատությունը, քանի որ սա այն հիմքն է, առանց որի մնացած բոլոր
իրավունքների պաշտպանությունը դառնում է անհնարին։ Եթե երկրում չկան անկախ,
անկողմնակալ և արդար դատարաններ, ապա ցանկացած իրավունքի խախտում մնում
է անպատիժ, իսկ քաղաքացին կորցնում է պաշտպանվածության զգացումը։
Մյուսը՝ կրթությունն է։ Մեր գործունեության տարիների աշխատանքի ընթացքում արձանագրել
ենք, որ գրեթե բոլոր տեսակի իրավախախտումների, ատելության խոսքի և
անհանդուրժողականության հիմքում ընկած են անկրթությունը, չիմացությունը,
արմատացած կարծրատիպերն ու միֆերը։ Միայն որակյալ, ներառական և
մարդակենտրոն կրթության միջոցով է հնարավոր ձևավորել կարեկից, գրագետ և
դիմացինի իրավունքները հարգող քաղաքացի ու նաև հասարակություն։ Խոսքը թե՛
դպրոցների և թե՛ ԲՈՒՀ-երի մասին է։
Եվ վերջապես ժողովրդավարությունը, որը կարող եմ վստահաբար ասել այսօր ունենք մենք Հայաստանում ժողովրդավարության այն փոքրիկ, բայց երազելի ծիլը, որը դեռևս չափազանց փխրուն է։ Մենք պետք է ամեն գնով պաշտպանենք այդ ժողովրդավարությունը, քանի որ առանց դրա հնարավոր չէ
պատկերացնել ո՛չ անկախ արդարադատություն և ո՛չ էլ իրավագիտակից
քաղաքացիների կրթություն։
4. Աշխատանքից դուրս ինչպե՞ս եք հանգստանում և վերականգնում ուժերը։Ի՞նչն է օգնում ձեզ պահպանել ներքին հավասարակշռությունը։
Անկեղծ կլինեմ՝ այն աշխատանքից որ անում եմ ամբողջությամբ կտրվելը գրեթե
անհնար է ու կստեմ եթե ասեմ, որ միշտ հեշտությամբ հաջողվում է կտրվելը, բայց
Փինքում մենք ներդրել ենք հստակ ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ թիմի ուժերը
վերականգնելու և մասնագիտական այրումը մեղմելու համար։
Մենք ունենք հոգեբանական աջակցություն աշխատակիցների համար՝ թե՛ մասնագիտական, թե՛
անձնական խնդիրները հաղթահարելու համար, կազմակերպում ենք թիմային
հանգստյան ռիթրիթներ և փորձում ենք հնարավորինս թեթևացնել աշխատանքային
օրերի ծանրաբեռնվածությունը։
Իմ ներքին հավասարակշռությունը պահպանելու և ուժերը վերականգնելու հիմնական աղբյուրն ընտանիքս է։ Զուգընկերոջս հետ ժամանակ անցկացնելը, փոքրիկիս հետ զբոսնելն ու խաղալն ինձ վերադարձնում են ներկա պահին։ Ավելին, հենց երեխայիս կողքին եմ ամենից խորը գիտակցում իմ
աշխատանքի ու ակտիվիզմի կարևորությունը, քանի որ ես հասկանում եմ, որ այն
հավասար, անվտանգ ու ազատ հասարակությունը, որը փորձում ենք կերտել մեր
աշխատանքով, հենց իր և իր սերնդակիցների ապագայի համար է։
Իսկ ֆիզիկական հանգստի ու վերալիցքավորման լավագույն միջոցն ինձ համար
արձակուրդ վերցնելն ու ճամփորդելն է։
Միևնույն ժամանակ, մեծ էներգիա եմ ստանում թիմակիցներիս հետ աշխատանքից դուրս տարբեր տեղեր գնալուց։ Կողքից գուցե թվա, թե իմ ամբողջ կյանքը միայն աշխատանքն է ու կոլեգաները, և դա, մեծ հաշվով, այդպես էլ կա։ Փինքում աշխատելն այն եզակի փորձառությունն է, երբ թիմակիցներդ
միաժամանակ քո ընկերներն են ու գաղափարակից պայքարողները։ Իմ նախկին
աշխատավայրերում այդպես չի եղել, և հենց այս թիմային համերաշխությունն է, որ
թույլ է տալիս չսպառվել ու առաջ շարժվել։
5. Շատ մարդիկ տեսնում են անարդարությունը և մտահոգվում դրա մասին, սակայն ոչ բոլորն են գործում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է ձեզ մղել ոչ միայն տեսնել խնդիրը, այլև որոշել զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ։
Անկեղծ ասած դժվար է հստակ մեկ պատճառ նշել, երևի թե դա իմ էության և անցած
ճանապարհի արդյունքն է։ Դպրոցական տարիներս օրինակ բավականին բարդ է անցել,
քանի որ ես անձամբ ենթարկվել եմ բուլիինգի և տեսնելով, թե որքան անարդար կարող
է լինել աշխարհը ու զգալով, որ այդ պահին կողքիս չկար մեկը, ով կպաշտպաներ ինձ, ես
որոշեցի ինքս դառնալ այդ պաշտպանը։
Ես մեծացել ու ուժեղացել եմ հենց նրա համար, որպեսզի կարողանամ այսօր օգնել և թիկունք լինել առավել խոցելի մարդկանց։ Լինելով նաև ԼԳԲՏ+ համայնքի ներկայացուցիչ՝ ես սեփական մաշկիս վրա եմ զգացել և շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել լրիվ մենակ, մերժված ու անպաշտպան
հասարակության կողմից։ Իմ խորին համոզմամբ՝ ոչ մի մարդ չպետք է անցնի այդ ցավի
միջով և իրեն այդքան միայնակ զգա։
Ես ուզում եմ օգնել բոլոր նրանց ում կարող եմ։ Ինձ համար հենց սա է կյանքի գլխավոր իմաստը։ Մարդիկ պետք է աջակցեն ու սատարեն միմյանց։ Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն վատնենք անիմաստ
բաների, ատելության կամ անտարբերության վրա։
6. 2026 թվականի դրությամբ Հայաստանում դեռևս չկա որևէ իրավական ակտ, որը սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը հստակ ճանաչում է որպես պաշտպանված հատկանիշ։ Ըստ ձեզ, ո՞րն է հիմնական պատճառը, որ այդ բացը դեռ պահպանվում է։ Եվ կա՞ որևէ կոնկրետ իրավական փոփոխություն, որը, ձեր կարծիքով, այսօր իրատեսական է առաջ տանել։
Այս իրավական բացի պահպանման հիմնական պատճառն առաջին հերթին իշխանությունների կողմից բավարար քաղաքական կամքի բացակայությունն է։
Մեր իրականացրած մոնիտորինգն ու ամենօրյա դիտարկումները ցույց են տալիս, թե ինչպես են ԼԳԲՏ+ թեմաները պարբերաբար և նպատակաուղղված կերպով մանիպուլացվում տարբեր քաղաքական ուժերի ու գործիչների կողմից՝ սեփական քաղաքական շահերն ու դիվիդենտներն ապահովելու համար։
Հաճախ բավական էորևէ մեկին պիտակավորել կամ մեղադրել ԼԳԲՏ+ անձանց իրավունքների աջակցման
մեջ, որպեսզի հանրային ողջ ուշադրությունը շեղվի երկրի կարևորագույն խնդիրներից։
Քանի դեռ հասարակության մեջ արհեստականորեն պահպանվում է այս վախի ու
տագնապի մթնոլորտը, շատ որոշում կայացնողներ, նույնիսկ եթե անձնապես խնդիր
չեն տեսնում, նախընտրում են հեռու մնալ այս թեմայից՝ խուսափելով քաղաքական
մանիպուլացիաների ռիսկերից։
Մյուս կարևոր պատճառը մեր հասարակության մեջ մարդու սեռականության և գենդերային հարցերի վերաբերյալ գրագիտության ու բազային գիտելիքների խորը պակասն է։ Ինչ վերաբերում է իրատեսական իրավական փոփոխություններին, ապա այսօր ամենից հրատապն ու անհրաժեշտը առանձին
օրենքի ընդունումն է, որտեղ «սեռական կողմնորոշումը» և «գենդերային
ինքնությունը» հստակ և ուղղակիորեն կնշվեն որպես պաշտպանված հատկանիշներ։
Պետք է ընդունել խտրականության դեմ համապարփակ օրենք, որով կսահմանվի
խտրականությունը, դրա տեսակները, խտրականության դեպքերի քննության
ընթացակարգային առանձնահատկությունները, կնախատեսի պաշտպանված
հատկանիշների ընդգրկուն ցանկ՝ ներառյալ սեռական կողմնորոշումը և գենդերային
ինքնությունը։ Մենք պետք է դադարենք խուսափել հստակ ձևակերպումներից և իրերը
պետք է կոչել իրենց անուններով։
Օրենքում միայն «այլ սոցիալական խմբեր» ընդհանրական ձևակերպումը թողնելը թույլ չի տալիս հասնել լիարժեք արդարադատության, քանի որ այն իրավակիրառ պրակտիկայում տարընթերցումների
տեղիք է տալիս։ Բառացիորեն պետք է ամրագրվեն այս հասկացությունները և տրվեն
դրանց իրավական բացատրությունները, որպեսզի համայնքի ներկայացուցիչները,
հղվելով օրենքին, կարողանան արդյունավետորեն պաշտպանել իրենց իրավունքները
դատարաններում և այլ ատյաններում, մենք էլ մեր հերթին աջակցենք դատարանում և
ոստիկանությունում իրենց ներկայացուցչությունը ապահովելով։
7. Ո՞րն է եղել ձեր ամենամեծ հաղթանակը որպես իրավապաշտպան, և ո՞րն է այն խնդիրը, որի լուծման համար դեռևս ամենաշատ աշխատանքն է անհրաժեշտ։
Որպես իրավապաշտպան՝ իմ և մեր թիմի ամենամեծ հաղթանակը համարում եմ այն, որ տարիների հետևողական, դժվարին ու հաճախ վտանգներով լի աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է կոտրել բացարձակ լռությունը։ Ես հիշում եմ մինչև այս տեխնոլոգիայի դարը, որևէ տեղ չէր խոսվում ԼԳԲՏ+ անձանց մասին կամ հիմնահարցերի մասին։
Մենք զորեղացրել ենք համայնքի անդամներին և անվտանգ տարածքներ ու հարթակներ ենք ստեղծել, որտեղ ԼԳԲՏ+ անձինք այլևս ստիպված չեն թաքնվել կամ իրենց լիովին մենակ զգալ։ Այն, որ մենք այսօր բաց, անկեղծ ու հանրայնորեն խոսում ենք այս խնդիրների մասին, արդեն իսկ մեծագույն առաջընթաց է
մեր հասարակության համար։
Մեր մյուս մեծ հաղթանակը Մարդու իրավունքների տան հիմնադրումն ու կայացումն է Հայաստանում ու դա տարիների հավաքական ջանքերի նյութականացված արդյունքն է, որն այսօր միավորում է իրավապաշտպան համայնքին և հաստատ տարիների ընթացքում ավելի կընդլայնի իր շարքերը։ Իսկ այն խնդիրը, որի լուծման համար դեռևս ամենաշատ աշխատանքն է անհրաժեշտ, հանրային
ընկալումների, արմատացած կարծրատիպերի և ատելության խոսքի հաղթահարումն է։
Իրավական ակտերում փոփոխություններ անելը, թեկուզ դժվարությամբ, հնարավոր է, սակայն մարդկանց մտածողությունը փոխելը, կարեկցանք ու հարգանք սերմանելը պահանջում է տասնամյակների քրտնաջան աշխատանք ու կրթություն։ Քանի դեռ հասարակության մեջ պահպանվում է խտրականությունն ու անհանդուրժողականությունը, և քանի դեռ պետական մակարդակով չկան հստակ հակախտրական իրավական մեխանիզմներ, մենք դեռ լիքը անելիք ունենք