Մարդու իրավունքների տուն Երևան. Միջանկյալ զեկույց, 2019
2019 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում մարդու իրավունքների և, մասնավորապես, իրավապաշտպանների գործունեության պայմանների մշտադիտարկումների արդյունքները վկայում են հատկապես առցանց տիրույթում բռնության սպառնալիքի, ատելության խոսքի ու ապատեղեկատվության աճի մասին։ Թիրախն առավելապես հանրային կյանքում ակտիվ կին իրավապաշտպաններն են, ինչպես նաև ԼԳԲՏԻ անձանց շահերի պաշտպանները։ Թիրախավորման նման աճը մեծապես պայմանավորված է նախկին իշխանություններին հարող առանձին խմբերի և անհատների, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու (դրա սպասավորների) կողմից հասարակության լայն զանգվածների համար զգայուն հարցերի շուրջ տարատեսակ մանիպուլյացիաների կիրառմամբ, երբ մարդու իրավունքների հանդեպ զգայունության բարձրացմանն ուղղված քայլերը ներկայացվում են որպես ապազգային, ավանդական ընտանեկան արժեքներին հակասող, իսկ ներկայիս իշխանությունները՝ որպես նման «անընդունելի» արժեքների ջատագովներ։ Միաժամանակ, դեռևս 2018 թվականից սկսած ատելության և անհանդուրժողականության աճ է արձանագրվել հանրային մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանությունն ստանձնած փաստաբանների նկատմամբ, ինչը շարունակվել է նաև հաշվետու ժամանակահատվածում՝ հանգեցնելով նաև փաստաբաններից մեկին ֆիզիկապես հետապնդելու և նրա գույքը վնասելու դեպքի։ 2019 թվականին շարունակվել է նաև բնապահպան-ակտիվիստների նկատմամբ մասնավոր հանքարդյունաբերող ընկերության կողմից ներկայացված զրպարտության հայցերով դատական գործերի քննությունը՝ նրանց գործունեության համար ստեղծելով ոչ նպաստավոր պայմաններ։ Բացի այդ՝ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է բնապահպանակտիվիստիցներից մեկին խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով առանց բավարար հիմքերի ոստիկանություն հրավիրելու դեպք. որպես հափշտակության կասկածանքի հիմք հանդիսացել էր բնապահպանների կողմից Ամուլսարի պահպանության մեջ ներգրավված անձանց համար կազմակերպված դրամահավաքը։ Առանձին իրավապաշտպանների, ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների (այսուհետ նաև՝ ՀԿ) թիրախավորելուց զատ, 2019 թվականի առաջին կիսամյակն աչքի ընկավ ընդհանրապես իրավապաշտպան գործունեության դեմ կազմակերպված արշավով, ինչը, թերևս, առավել ցայտուն կերպով դրսևորվեց Բաց հասարակության հիմնադրամներՀայաստանի գործունեության և հատկապես հիմնադրամի շահառուների դեմ սկսված պայքարով։ Զեկույցում իրավապաշտպանների իրավունքների խախտումների և նրանց նկատմամբ հետապնդումների դեպքերը ներկայացնելուն զուգահեռ անդրադարձ է կատարվել նաև սեփական իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրավապաշտպանների ձեռնարկած միջոցներին ու դրանց արդյունքներին, Մարդու իրավունքների տուն Երևանի և այլ հասարակական կազմակերպությունների կողմից արված հայտարարություններին ու ներկայացված առաջարկություններին։