Մարդու իրավունքների տուն Երևան․ Տարեկան զեկույց 2018

реп2018
2018 թվականը նշանավորվեց, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությամբ, դրան նախորդած և հաջորդած մի շարք կարևոր իրադարձություններով։ «Մարդու իրավունքների տուն Երևան» հասարակական կազմակերպությունը դեռևս 2018 թ. դեկտեմբերի 7-ին հանդես եկավ «Իրավապաշտպանները հեղափոխական գործընթացներում» հատուկ զեկույցով (Հատուկ զեկույց),1 որի նպատակն էր մեկ անգամ ևս անդրադառնալ հեղափոխական գործընթացներին՝ դրանք դիտարկելով իրավապաշտպանների, ակտիվիստների, իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող լրագրողների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների (այսուհետ՝ իրավապաշտպաններ) իրավունքների պաշտպանության, հեղափոխության օրերին և հետհեղափոխական ժամանակահատվածում նրանց իրավունքները ոտնահարելու և գործունեությունը խոչընդոտելու դեպքերին։ Հատուկ զեկույցը անդրադարձել է նաև հետհեղափոխական ժամանակահատվածում արձանագված ինչպես դրական տեղաշարժերին, այնպես էլ առանձին ոլորտներում արձանագրված բացասական միտումներին։ Ի լրումն Հատուկ զեկույցում արված վերլուծությունների ու մշտադիտարկման արդյունքների՝ սույն տարեկան զեկույցն անդրադառնում է հատկապես հետհեղափոխական ժամանակահատվածում մարդու իրավունքների առանձին ոլորտներում արձանագրված առավել բացասական զարգացումներին։ Նման իրավիճակ արձանագրվել է հատկապես ԼԳԲՏ մարդկանց խնդիրներով զբաղվող իրավապաշտպանների, ակտիվիստ-կանանց, հանրային մեծ հնչեղություն ունեցող գործերով որպես կասկածյալ կամ մեղադրյալ անցնող անձանց իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբանների և բնապահպանների առնչությամբ։ Տարեկան զեկույցը նաև անդրադառնում է առանձին իրավապաշտպանների վերաբերյալ առկա դատական գործերով արձանագրված տեղաշարժերին։

Զեկույցը կարդալ այստեղ
4 Դեկտեմբերի, 2019