

Հանրայնորեն տեսանելի ակտիվ գործիչները և իրավապաշտպանները (հատկապես կանանց և ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանները, կառավարության կամ պետական մարմինների քաղաքական քննադատները) դառնում են խտրականության, պարսավանքների, ատելության և թշնամանքի թիրախ, ստանում են սպառնալիքներ, հետապնդվում են դատական կարգով։ Հատկանշական է, որ թիրախավորման արշավներն ուղղորդվում են պետական մարմինների, դրանց ներկայացուցիչների, իշխող Հանրապետական կուսակցության և դրանց հովանավորչությունը վայելող լրատվամիջոցների կողմից։ Որպես հետևանք վերջին տարիներին Հայաստանում ծաղկում են կոնկրետ կուսակցական և պետական գործիչների հետ փոխառնչվող, Հայաստանում ՌԴ ստվերային աջակցությամբ ուղղորդված հակաիրավապաշտպան կառույցները և մեծ բիզնեսի շահերը առաջ տանող հասարակական կազմակերպությունները։ Դրանք որոշ դեպքերում հանդես են գալիս իբրև առաջադիմական իրավապաշտպաններ, սակայն առավել հաճախ հայհոյանք, զրպարտություն, ատելության խոսք և սպառնալիքներ են տարածում իրավապաշտպանների հասցեին և իրենց օրակարգով առաջ են մղում տվյալ քաղաքական հոսանքների շահերը՝ ի հաշիվ Հայաստանի քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանության։