Քովիդ-19-ի համավարակը բացասական ազդեցություն ունեցավ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանի եզդիական համայնքում: Սոցիալական մարտահրավերները, տնտեսական անկայունությունը և այլ խնդիրներն էլ ավելի ընդգծեցին իրավական և հոգեբանական աջակցություն ստանալու անհրաժեշտությունը: Այս ընթացքում ճգնաժամի հաղթահարման գործընթացում կարևոր դեր է խաղացել Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը (ՄԻԵԿ): «Քովիդ-19․ քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում ՄԻԵԿ-ը աջակցություն է տրամադրել համայնքի առավել քան 300 ներկայացուցիչների՝ թիրախավորելով հատկապես խոցելի խմբերին: Ընդհանուր առմամբ 210 մարդ ստացել է իրավական աջակցություն, իսկ 110 մարդ, հիմնականում կանայք՝ հոգեբանական աջակցություն:
Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է պաշտպանել Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները՝ հիմնվելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա։ Կազմակերպությունը աշխատում է ապահովելու ազգային փոքրամասնությունների հավասար ներգրավվածությունը երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքում:
Կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Քովիդ համավարակի ժամանակ եզդիական համայնքը բախվել է մի շարք խնդիրների, ինչպիսիք են աշխատանքային, առողջության, սեփականության իրավունքի խախտումները և այլն: Սրանց զուգորդել են մի շարք հոգեբանական խնդիրներ և սոցիալ բերեկեցությանը խոչընդոտող հանգամանքներ:
«Եզդիական համայնքում ընդունված չէ դիմել հոգեբանական աջակցության, այդ իսկ պատճառով շատ հոգեբանական տրավմաներ վերածվում են ավելի լուրջ հոգեբանական խնդիրների: Ծրագրի իրականացման ընթացքում մենք աշխատել ենք հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց հետ, և դրական փոփոխությունները տեսանելի են»,- նշում է ՄԻԵԿ հոգեբան Սուսաննա Սուլթանյանը:
Եզդի համայնքի շատ ներկայացուցիչներ, տեսնելով մյուսների դրական փորձառությունը, իրենք էլ են սկսել դիմել հոգեբանական աջակցության և ավելի ակտիվորեն մասնակցել հոգեբանի հետ խմբային հանդիպումներին: Սա հաջողված պատմություն է ոչ միայն ծրագրի, այլև Հայաստանի եզդիական համայնքի համար: