2025 թվականի մայիսի 1-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում տեղի ունեցավ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) չորրորդ շրջանի` Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի քննարկումը:
Հայաստանի ազգային զեկույցի ներկայացումից հետո 98 պատվիրակություն հանդես եկավ ելույթներով և առաջարկություններով՝ անդրադառնալով մարդու իրավունքների տարբեր խնդիրների։ Հայաստանի պատվիրակությունը վերահաստատեց երկրի հանձնառությունը՝ շարունակելու ներառական բարեփոխումները և սերտ համագործակցությունը միջազգային մեխանիզմների ու գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը պատրաստակամություն հայտնեց իրականացնել կառուցողական առաջարկությունները՝ մերժելով իր գնահատմամբ քաղաքականացված կամ օբյեկտիվության, համընդհանուրության և ոչ ընտրողականության սկզբունքներին հակասող առաջարկությունները։
ՀՊԴ-ի 49-րդ նստաշրջանին Մարդու իրավունքների տուն Երևանը, համագործակցելով Հյուման ռայթս հաուս հիմնադրամի հետ, ներկայացրել էր «Իրավապաշտպանների իրադրությունը Հայաստանում» վերնագրով ստվերային զեկույց։ Զեկույցում ամփոփված էին Մարդու իրավունքների տուն Երևանի հիմնական մտահոգությունները՝ կապված իրավապաշտպանների նկատմամբ հարձակումների և սպառնալիքների, հավաքների ազատության իրավունքի ոտնահարումների, ոստիկանության կողմից բռնության դեպքերի, ինչպես նաև հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի՝ SLAPP-երի տարածման վերաբերյալ։
ՀՊԴ-ի նախնական նիստերի շրջանակում Մարդու իրավունքների տուն Երևանի անդամները Ժնևում հանդիպեցին մոտ տասը ՄԱԿ անդամ պետությունների պատվիրակների հետ՝ կոչ անելով նրանց առաջարկել Հայաստանին ձեռնարկել կոնկրետ քայլեր իրավապաշտպանների պաշտպանության ուժեղացման, նրանց դեմ հարձակումների և սպառնալիքների համար պատասխանատվության ապահովման, ինչպես նաև նրանց դերի հանրային ճանաչման ուղղությամբ։ Զեկույցը նաև ընդգծում էր խաղաղ հավաքների իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունը՝ ապահովելով հստակ մեխանիզմներ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման կանխման և նման դեպքերի արդյունավետ քննության համար։ Բացի այդ, Մարդու իրավունքների տուն Երևանը խրախուսեց առաջարկություններ, որոնք նպատակ ունեն կանխել քաղաքական գործիչների և խոշոր մասնավոր ընկերությունների կողմից հանրային մասնակցության դեմ ռազմավարական գործերի չարաշահումները՝ կոչ անելով Հայաստանին ընդունել իրավական և դատական երաշխիքներ՝ լրագրողներին, ակտիվիստներին և բնապահպաններին դատական հետապնդումներից պաշտպանելու համար։
Միջազգային ջատագովության արդյունքում Հայաստանը ստացավ մի շարք առաջարկություններ ՄԱԿ-ի անդամ պետություններից՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր պարտավորությունների ամրապնդմանը։
Հավաքների ազատություն
Լեհաստանը, Իսպանիան, Կոլումբիան, Լիտվան և Կոստա Ռիկան կոչ արեցին Հայաստանին ապահովել խաղաղ հավաքների իրականացման անվտանգ պայմաններ, բարձրացնել իրավապահ մարմինների՝ մարդու իրավունքների վերապատրաստման մակարդակը և հետաքննել ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից իրենց լիազորությունների չարաշահումների դեպքերը։ Առաջարկությունները շեշտում էին ուժի կիրառման անհրաժեշտության և համաչափության խիստ չափանիշների պահպանումը։
Իրավապաշտպանների պաշտպանություն
Նորվեգիան, Գերմանիան, Բելգիան, Ավստրիան, Ռումինիան, Լատվիան և Պաղեստինը, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, կոչ արեցին Հայաստանին ստեղծել անվտանգ և նպաստավոր միջավայր իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։ Նրանք ընդգծեցին անկախ հետաքննությունների անհրաժեշտությունը՝ միաժամանակ կոչ անելով ամրապնդել իրավապաշտպանների պաշտպանությունը թե՛ առցանց, թե՛ առկա միջավայրում։
Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր (SLAPPs)
Լյուքսեմբուրգը, Էստոնիան, Ֆինլանդիան, Լիտվան և Չեխիան բարձրացրին մտահոգություն SLAPP գործերի չարաշահման կապակցությամբ՝ միտված լրագրողների և ակտիվիստների լռեցմանը։ Նրանք առաջարկեցին ամրապնդել իրավական հիմքերը՝ պաշտպանելու նրանց, ովքեր բարձրաձայնում են հանրային նշանակության հարցեր, ինչպես նաև ապահովել քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցությունը քաղաքականության մշակման գործընթացներին։ Նշենք, որ Ավստրալիայի առաջարկը՝ փոփոխել 2021 թվականի Քաղաքացիական օրենսգիրքը՝ վերացնելու վիրավորանքի և զրպարտության համար անհամաչափ բարձր տուգանքները, որոնք զսպում են ազատ արտահայտությունը, Հայաստանը չընդունեց։
Մարդու իրավունքների տուն Երևանը ողջունում է Հայաստանին արված առաջարկությունները և կոչ անում կառավարությանը ձեռնարկել գործնական քայլեր դրանց իրականացման ուղղությամբ։ Մենք շարունակելու ենք հետևել առաջարկությունների իրականացման գործընթացին և պաշտպանել այն բարեփոխումները, որոնք երաշխավորում են հավաքների ազատությունը, խոսքի ազատությունը և իրավապաշտպանների իրավունքների պաշտպանությունը։


