Մարդու իրավունքների տուն Երևանը վերանայեց իր առաջնահերթություններն ու ընտրեց նոր նախագահ

Հուլիսի 7-9-ը տեղի ունեցավ Մարդու իրավունքների տուն Երևանի ռազմավարական պլանի վերանայման աշխատարանը։ Անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները այս օրերի ընթացքում քննարկեցին Հայաստանում մարդու իրավունքների, իրավապաշտպանների վիճակը, աշխարհաքաղաքական իրադարձությունների ազդեցությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների դրության վրա, մշակեցին առաջիկա տարվա անելիքները, քննարկեցին քաղհասարակության խնդիրներն ու մարտահրավերները։

Աշխատարանի ընթացքում իրականացվեց նաև Մարդու իրավունքների տուն Երևանի նախագահի ընտրությունները, և նախագահ ընտրվեց իրավապաշտպան Ժենյա Մայիլյանը։ Ժենյա Մայիլյանը ավելի քան 15 տարի Հայաստանում զբաղվում է ՄԻԱՎ-ով ապրող անձանց, թմրամիջոց օգտագործողների, ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել ռիսկային բնակչության իրավունքների պաշտպանությամբ։ Շնորհավորում ենք Ժենյա Մայիլյանին և մաղթում արդյունավետ և բեղմնավոր աշխատանք։

Շնորհակալություն ենք հայտնում Մարդու իրավունքների տուն Երևանի նախկին նախագահ Արմեն Օհանյանին իր ներդրումների և գործունեության համար։

10 Հուլիսի, 2025