Հայտարարություն Ամուլսարի պահապաններին ծեծի ենթարկելու վերաբերյալ

2020 թ․ սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը «Լիդիան Արմենիա» մասնավոր հանքարյունաբերական ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել Ամուլսարի մոտ պահպանություն իրականացնող անձանց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։ Ըստ Բունիաթյանի՝ քաղաքացիները դաժան ծեծի են ենթարկվել, իսկ նրանցից ոմանք լուրջ վնասվածնքներով դիմել են հիվանդանոց։ Ինչպես տեղեկանում ենք մամուլից, ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր միջադեպի առնչությամբ։

Ամուլսարի պահապանների ու ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցների միջև հերթական միջադեպը տեղի էր ունեցել 2020 թ․ օգոստոսի 5-ին, որի պատճառը միջադեպի նախորդ օրը Ամուլսարի պահապանների տնակների ապամոնտաժում-հեռացումն էր ու փոխարենը՝ ընկերության տնակների տեղադրումը։ Նշվածի կապակցությամբ Մարդու իրավունքների տուն Երևանը 07.08.2020 թ․ հանդես եկավ բնապահպան-ակտիվիստների նկատմամբ ապօրինի գործողությունները դադարեցնելու պահանջով։

Մարդու իրավունքների տուն Երևանը, վերահաստատելով նշված հայտարարությամբ ներկայացված պահանջները, կրկին դատապարտում է Ամուլսարի պահպանությունն իրականացնող անձանց նկատմամբ բռնության կիրառումն ու ոտնձգությունները՝ ՀՀ ոստիկանությանը կոչ անելով․

  • իրականացնել բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ,
  • ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Ամուլսարի պահպանությունն իրականացնող անձանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

 

 

08․09․2020 թ․, Երևան

Մարդու իրավունքների տուն Երևան

 

 

                                                              

8 Սեպտեմբերի, 2020