Հայտարարություն իրավապաշտպանների նկատմամբ սաստկացող ոտնձգությունների և դրա դեմ համապարփակ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ

Մարդու իրավունքների տուն Երևանի ( ՄԻՏ Երևան) կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ հատկապես հետպատերազմական շրջանում սաստկացել են իրավապաշատպանների նկատմամբ ոտնձգությունները՝ բռնության հրապարակային կոչերը, ատելության խոսքը, սպառնալիքներն ու ապատեղեկատվությունը՝ արձանագրելով աճի միտումներ դրանց ինտենսիվության ու լրջության առումով։

Անպատժելիության մթնոլորտը՝ պայմանավորված թերի օրենսդրական կարգավորումներով, անկատար իրավակիրառ պրակտիկայով, քաղաքական կամքի բացակայությամբ, պարարտ հող են ստեղծել իրավապաշտպանների նկատմամբ օրեցօր սաստկացող ոտնձությունների համար։ Դրան, թերևս,  նպաստել է նաև երկրում տիրող ընդհանուր մթնոլորտը՝ խորացող հանրային-քաղաքական բևեռվածությունը և ատելության մթնոլորտը, ինչպես նաև համապարփակ օրենսդրական ու դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու՝ ներկայիս իշխանությունների անկարողությունը, ինչը հակաիրավապաշտպան կամ կեղծ-իրավապաշտպան ուժերի ու շրջանակների համար անպատժելիության «ազդանշան» կարող է հանդիսանալ։

Անպատժելիության մթնոլորտի ձևավորման վրա մեծապես ազդում է հանրային իշխանության մարմինների լռությունը իրավապաշտպանների իրավունքների ու օրինական շահերի ամենալուրջ խախտումների պարագայում անգամ։ Իրավապաշտպանների պաշտպանության հարցում անգործություն ու խտրական մոտեցում են դրսևորում ոչ միայն գործադիր ու օրենսդիր իշխանության մարմիններն ու դրանց ներկայացուցիչները՝ սեփական նեղ քաղաքական, կուսակցական կամ այլ շահերից ելնելով, այլև մարդու իրավունքների պաշտպանության համար կոչված կառույցները, ինչպես օրինակ՝ ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դեպքում, երբ հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ Ազգային ժողովում մարդու իրավունքների թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումներից մեկի ժամանակ և դրանից հետո հանրային քննարկումներում խտրական  մոտեցում ցուցաբերեց լսումներին մասնակից հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցչի նկատմամբ՝ պայմանավորված վերջինիս գենդերային ինքնությամբ։ Նշվածը հստակ ազդակ կարող է հանդիսանալ հասարակության ավելի լայն շրջանակների համար՝ իրավապաշտպանների դեմ ոտնձությունները թույլատրելի համարելու ու դրանց նորմալացման առումով։

Խնդրահարույց է նաև Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գործունեությունը։ Առանձին սոցիալական խմբերի ու մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հարցում բավարար ակտիվություն դրսևորելով հանդերձ՝  ՄԻՊ-ը, ըստ մեր դիտարկումների, ընտրողական մոտեցում է ցուցաբերում իրավապաշտպանների, հատկապես՝ կանանց ու փոքրամասնությունների շահերի պաշտպանների նկատմամբ ոտնձգություններին հավուր պատշաճի արձագանքելու և խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու առումով՝ անկախ այդ ոտնձգությունների լրջության աստիճանից։

Այսպես՝ օրեր առաջ ֆեյսբուքյան հայտնի օգտատերերից մեկը, կիսելով չորս իրավապաշտպանների նկար, նրանց մահվան դատապարտելու հերթական կոչը հրապարակեց։ Ի պատասխան ՄԻՏ Երևանի ներկայացուցիչներից մեկի գրության՝ բռնության կոչին անդրադառնալու և իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ, ՄԻՊ-ի գրասենյակից ստացվեց գրություն այն մասին, որ «Մարդու իրավունքների պաշտպանը տվյալ հարցով արդեն իսկ դիմել է ոստիկանություն»։ Ողջունելով ՄԻՊ-ի այս քայլը, այդուհանդերձ, խնդրահարույց է ոստիկանություն դիմելուն զուգահեռ ՄԻՊ-ի կողմից բռնության կոչը դատապարտող որևէ հրապարակային հայտարարություն չանելը։

ՄԻՊ-ի կողմից նշված արարքի հրապարակային դատապարտումը, իրավապաշտպաններին անհարկի թիրախավորելուց ձեռնպահ մնալու պահանջը նշանակալի ազդեցություն կունենար իրավապաշտպանների կարևոր դերը ընդգծելու և նրանց շահերի պաշտպանությունը հասարակության լայն զանգվածների շրջանակներում կարևորելու, արդյունքում՝ բարենպաստ հասարակական կարծիք ձևավորելու գործում։ Նման հարապարակային դատապարտումը կարևոր կլիներ հատկապես այն պարագայում, երբ ՀՀ օրենսդրական դաշտում առկա բացերով և իրավակիրառ արատավոր պրակտիկայով պայմանավորված՝ քրեական գործերն ու այդ նպատակով ոստիկանություն դիմելն անհեռանկար ու ապրադյուն է։ Այլ պարագայում իր գործունեությունը միաժամանակ տարբեր հնարավոր հարթակներով ներկայացնող ու լուսաբանող ՄԻՊ-ի լռությունն այդ նույն հարթակներում այս պարագայում անհասկանելի է․ իրավապաշտպանների դեմ բռնության հրապարակային կոչը դատապարտող հայտարարություն կամ գրառում այդպես էլ չեղավ այն պարագայում, երբ առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ արարքի հատկանիշներ, այն է՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը (հոդված 226.2):       

Ոտնձգությունների սաստկացման պատճառներից է նաև համապարփակ դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների չիրականացումը, ինչը գործուն պաշտպանության մեխանիզմներ կտրամադրեր առանձին խմբերի, այդ թվում՝ իրավապաշտպաններին։ Այդ  նպատակով կարևորվում են մի շարք օրենսդրական փոփոխությունների իրականացումը, համապատասխան մեխանիզմների և ինստիտուտների ներդրումը, ինչին ՄԻՏ Երևանը բազմիցս անդրադարձել է իր հայտարարություններում ու զեկույցներում։ Բացի այդ՝ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) շրջանակներում ՄԻՏ Երևանը ներկայացրել է համապատասխան առաջարկություններ, որոնց հիման վրա ՄԱԿ-ի անդամ պետությունների պատվիրակությունները Հայաստանում իրավապաշտպանների իրադրության բարելավման համար ներկայացրել են համապատասխան առաջարկություններ, որոնք էլ ընդունվել են Հայաստանի կողմից։ Այսպես, ի թիվս այլնի, ՀՊԴ շրջանակներում Հայաստանին կոչ է արվել հանրային աջակցություն տրամադրել իրավապաշտպաններին այն պարագայում, երբ կան նրանց նկատմամբ սպառնալիքներ (Էստոնիա), վերջ տալ իրավապաշտպանների նկատմամբ հարձակումների շուրջ ստեղծված անպատժելիության մթնոլորտին՝ իրականացվելով արագ, անաչառ եւ արդյունավետ քննություն եւ հետապնդել նրանց նկատմամբ սպառնալիքները եւ բռնությունը (Նորվեգիա)։

Մինչ օրս, սակայն, ո՛չ քաղաքականությունների մշակման, ո՛չ հանրային խոսույթի փոփոխման և ո՛չ էլ դատաիրավական ու օրենսդրական բարեփոխումների իրականացման առումով իրավապաշտպանների պաշտպանությանն ուղղված որևէ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել։ Մինչդեռ ակնհայտ է, որ իրավապաշտպաններին թիրախավորելը ոտնձգություն է ոչ միայն կոնկրետ իրավապաշտպանի կամ իրավապաշտպան համայնքի նկատմամբ, այլև ընդհանրապես մեծ հարված է մարդու իրավունքների հավասար ու անխտրական հարգման ու պաշտպանության, իրավունքի գերակայության ու ժողովրդավարության հաստատման ճանապարհին և կարող է խոչընդոտել այդ ոլորտում առաջադեմ բարեփոխումների իրականացմանը։

Մյուս կողմից, երկրում տիրող համընդհանուր ատելության խոսքի ու թշնամանքի մթնոլորտը ներկայիս իշխանություններին մղել է արտահայտվելու ազատությունը սահմանափակելու մեկ այլ՝ չհիմնավորված ծայրահեղության, ինչը լի է այդ սահմանափակումները չարաշահելու և սեփական նեղ քաղաքական շահերին ծառայեցնելու վտանգներով։ Խոսքը, մասնավորապես, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունն է՝ տեղեկություն հրապարակելիս անանուն աղբյուրներին լրատվամիջոցների կողմից հղում տալու արգելքի վերաբերյալ։ Իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի մեկ այլ նախաձեռնությամբ  նախատեսվում է հնգապատկել վիրավորանքի  ու զրպարտության համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսվող փոխհատուցման չափը։ Նշված նախաձեռնությունները խնդրահարույց են ոչ միայն արտահայտվելու ազատությունը սահմանափակվելու առումով, այլև կարող են ծանր նյութական կացության մեջ դնել լրատվամիջոցներին՝ ի թիվս այլնի դրդելով ինքնագրաքննության։

ՄԻՏ Երևանը դատապարտում է իրավապաշտպանների դեմ ոտնձգությունների սաստկացումը և կոչ է անում՝

  • ՄԻՊ-ին՝ մարդու իրավունքների ու ազատությունների պահպանության, խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման իր սահմանադրական լիազորություններն իրականացնելիս բացառել խտրական վերաբերմունքը, իր հրապարակային ելույթներում ու գործողություններում ելնել մարդու իրավունքների հավասարության կանխավարկածից,
  • ՀՀ վարչապետին, կառավարության անդամներին ու Ազգային ժողովի պատգամավորներին՝ հրապարակայնորեն դատապարտել իրավապաշտպանների դեմ բռնության հրապարակային կոչերը, վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող գործողությունները, կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիքի, վիրավորանքի ու զրպարտության դեպքերը,
  • ՀՀ իրավապահ մարմիններին՝ ապահովել իրավապաշտպանների դեմ ուղղված՝ վերը նշված դեպքերի արագ, անաչառ ու արդյունավետ քննությունը և ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները իրավախախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,
  • ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովի պատգամավորներին՝ ատելության խոսքի, ապատեղեկատվության դեմ պայքարում բացառել արտահայտվելու ազատության անհարկի սահմանափակումները՝ ապահովելով համաչափությունը նման սահմանափակումների իրականացման միջոցների, հետևանքների և նպատակի միջև,
  • Միջոցներ ձեռնարկել իրագործելու ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում իրավապաշտպանների իրավունքների, ինչպես նաև արտահայտվելու ազատության պաշտպանության վերաբերյալ ՀՀ կառավարությանն արված առաջարկությունները։

Մարդու իրավունքների տուն Երևան

16 մարտի 2021, Երևան