Հայտարարություն բնապահպան-ակտիվիստների նկատմամբ ապօրինի գործողությունները դադարեցնելու պահանջով

2020 թ․ օգոստոսի 5-ին ՀՀ ոստիկանության ուժերն անհամաչափ ուժ են գործադրել բնապահպան-ակտիվիստների նկատմամբ, նաև բախումներ եղան ոստիկանների և Ամուլսարի պահպանության համար դուրս եկած տեղի բնակիչների միջև։ Այնուհետև, օգոստոսի 6-ին ՀՀ կառավարության դիմացից բերման ենթարկվեցին իրավապաշտպան-փաստաբան Նինա Կարապետյանցը, փաստաբաններ Արա Ղարագյոզյանը, Լուիզա Վարդանյանը և այլոք․ վերջիններս, իրենց իսկ պնդմամբ, դուրս էին եկել միայնակ ակցիա անելու՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Հերթական բախումների ու լարվածության պատճառը օգոստոսի 4-ին «Լիդիան Արմենիա» մասնավոր հանքարդյունահանող ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցների կողմից Ամուլսարի պահապանների տնակների ապամոնտաժում-հեռացումն էր ու փոխարենը՝ իրենց տնակների տեղադրումը։ Տեղի ունեցածն առաջ բերեց տեղի բնակիչների ու բնապահպանների խիստ դժգոհությունը, որոնք բարձրաձայնում են իրենց բողոքի ձայնը՝  ի պաշտպանություն Ամուլսարի։

Մարդու իրավունքների տուն Երևանը,

— դատապարտելով բնապահպան-ակտիվիստների նկատմամբ ապօրինի գործողությունները,

— հաշվի առնելով իրավապաշտպաններին, մասնավորապես՝ բնապահպան-ակտիվիստներին, հանրային աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը,

— նկատի ունենալով մասնավոր ընկերությունների կողմից բնապահպան-ակտիվիստների նկատամբ ճնշումների գործադրման համար այդ ընկերություններին պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը,

ՀՀ պետական մարմիններին, պաշտոնատար անձանց, ինչպես նաև մասնավոր ընկերություններին կոչ է անում․

    1. ՀՀ Ազգային ժողովին ու պատգամավորներին, ՀՀ կառավարությանն ու իրավասու այլ մարմիններին՝

  • հանրային աջակցություն տրամադրել բնապահպան-ակտվիստներին՝ դատապարտելով նրանց նկատմամբ ճնշումներն ու ապօրինի գործողությունները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել հետագայում այդպիսիք կանխելու ուղղությամբ,
  • ընդունել համապատասխան քաղաքականություններ և օրենքներ՝ մասնավոր ընկերություններին իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքների կամ հարձակումների մեջ ներգրավվածության համար պատասխանատվության ենթարկելու նպատակով,
  • հարգել, խթանել և պաշտպանել բոլորի, ներառյալ՝ իրավապաշտպանների իրավունքներն ու հիմնարար ազատությունները,

    2. ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնպահ մնալ բնապահպան-ակտիվիստներին խաղաղ ակցիաների համար առանց բավարար հիմքերի բերման ենթարկելուց և նրանց նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելուց,

    3. Մասնավոր ընկերություններին՝ ձեռնպահ մնալ և խուսափել իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ հարձակումների, ճնշման, ահաբեկման գործողություններին հանցակից լինելուց, այդ թվում՝ բոլոր այն անձանց նկատմամբ կատարվող բռնարարքներից, որոնք իրացնում են արտահայտվելու, միավորվելու, հավաքների, բողոքի ցույցերի իրենց իրավունքները տվյալ բիզնեսի կամ դրա շահերի դեմ։

Վերջում՝ Մարդու իրավունքների տուն Երևանն իր զեկույցներում բազմիցս անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրադրությանը՝ մասնավորապես այդ գործընթացում ներգրավված բնապահպան ակտիվիստների շահերի պաշտպանությանը։ Այսպես, Մարդու իրավունքների տուն Երևանն իր 2019 թ․ տարեկան զեկույցում, անդրադառնալով «Լիդիան-Արմենիա» ընկերության կողմից բնապահպան-ակտիվիստների դեմ զրպատության հայցերի ներկայացման խնդրին, ի թիվս այլնի, մասնավոր ընկերություններին կոչ է արել․

ձեռնպահ մնալ և խուսափել իրավապաշտպանների նկատմամբ հարձակումների, ճնշման, ահաբեկման գործողություններին հանցակից լինելուց, այդ թվում՝ բոլոր այն անձանց նկատմամբ կատարվող բռնարարքներից, որոնք իրացնում են արտահայտվելու, միավորվելու, հավաքների, բողոքի ցույցերի իրենց իրավունքները տվյալ բիզնեսի կամ դրա շահերի դեմ[1]։

Միաժամանակ, անդրադառնալով իրավապաշտպանների, այդ թվում՝ բնապահպան-ակտիվիստների դեմ ոտնձգությունների և նրանց նկատմամբ խտրականության դեպքերին՝ Մարդու իրավունքների տուն Երևանը կոչ է արել․

հրապարակայնորեն դատապարտել իրավապաշտպանների նկատմամբ բռնության և խտրականության բոլոր դեպքերը՝ հրապարակային հայտարարությունների, ինչպես նաև քաղաքականություններ և (կամ) օրենքներ ընդունելու միջոցով, ինչպես նաև հրապարակայնորեն ընդունել իրավապաշտպանների դերի կարևորությունն ու լեգիտիմությունը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության հաստատման և իրավունքի գերակայության խթանման հարցում[2]։ 

07 օգոստոսի 2020 թ․, Երևան

Մարդու իրավունքների տուն Երևան

[1] Ավելի մանրամասն տես Մարդու իրավունքների տուն Երևանի 2019 թ․ տարեկան հաշվետվությունը՝ հետևյալ հղմամբ․ https://hrhyerevan.org/2020/04/27/human-rights-house-yerevan%d6%89-annual-report-2019-hy/։

[2] Նույն տեղում։

 

                                                              

7 Օգոստոսի, 2020