«Լռեցման դատական հայցեր․ հանրային մասնակցության վտանգները». համաժողով

Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը (SLAPP) իրավական գործողություններ են, որոնք նպատակ ունեն կանխելու, զսպելու, սահմանափակելու կամ պատժելու հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ազատ արտահայտումը և հանրային մասնակցության հետ կապված իրավունքների իրացումը։ Նմանատիպ հայցերը նախաձեռվում են` նպատակ ունենալով հետապնդել կամ վախեցնել թիրախային անձանց, շարունակական բնույթի են, նաև հաճախ սպառնում են հայցերի թիրախում հայտնված անձանց կամ խմբերին։

Հայաստանում հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի քննարկելու համար 2025 թվականի մարտի 25-ին Մարդու իրավունքների տուն Երևանը կազմակերպել էր «Լռեցման դատական հայցեր․ հանրային մասնակցության վտանգները» համաժողովը։

Հայաստանում վերջին տարիներին փաստաթղթավորել ենք հանրային մասնակցության դեմ ռազմավարական երեք տասնյակից ավել հայցեր, որոնք թիրախավորում են իրավապաշտպաններին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, բնապահպան ակտիվիստներին և բնապահպանական նախաձեռնություններին, ինչպես նաև լրագրողներին և զանգվածային լրատվամիջոցներին։ Հանրային մասնակցության դեմ ռազմավարական այս հայցերը մեծ մասամբ նախաձեռնվում են պաշտոնատար անձանց, հանքարյունաբերական, շինարարական ընկերությունների կողմից, որոնք նմանատիպ հայցերով փորձում են ճնշել հավանական կոռուպցիայի և կորպորատիվ պրակտիկաների վերաբերյալ քննադատությունները։ Այս դատական գործերը ծանր ֆինանսական և հոգեբանական բեռ են դնում ակտիվիստների, կազմակերպությունների կամ քաղաքացիների վրա՝ արգելափակելով նրանց գործունեությունը և կանխելով մյուսներին արտահայտվել մարդու իրավունքների խախտումների կամ հանքարդյունաբերական գործունեության պատճառած բնապահպանական վնասների դեմ։ Դատական գործերի հետ զուգահեռ, որոշ ակտիվիստներ սոցիալական մեդիայում ենթարկվել են ատելության խոսքի և հետապնդումների։

Համաժողովի ժամանակ ներկայացրեցինք «Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հարցերը Հայաստանում» զեկույցը։ Համաժողովին հրավիրված ակտիվիստները, իրավապաշտպաններն ու լրագրողները կիսվեցին իրենց կամ իրենց կազմակերպությունների դեմ քննվող լռեցման դատական հայցերի մանրամասներով, քննարկեցինք դրանց ազդեցությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության սահամանափակումների վրա։

Համաժողովի շրջանակում քննարկեցինք նաև հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի վերաբերյալ միջազգային կարգավորումները և թե ինչպես կարող են դրանք ներդրվել և կիրառվել հայաստանյան պրակտիկայում։ Նմանատիպ միջազգային կարգավորումներից է Եվրոպայի խորհրդի CM/Rec (2024)2 առաջարկությունը, որն ընդունվել է 2024 թ. ապրիլի 5-ին Նախարարների կոմիտեի կողմից։ Այն սահմանում է հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը, դրանց տեսակները, ներկայացնում է առաջարկություններ պետության կողմից օրենսդրական երաշխիքների, պաշտպանության միջոցների և թափանցիկության ապահովման, ինչպես նաև SLAPP-երի թիրախային խմբերի և տուժողների աջակցության վերաբերյալ, ընդգծում է իրազեկման, կրթության և վերապատրաստումների կարևորությունը, ազգային ու միջազգային համագործակցությունը այս ոլորտում, ինչպես նաև  սահմանում է SLAPP-երի կանխարգելման և տուժողների պաշտպանության համար անհրաժեշտ օրենսդրական և ընթացակարգային երաշխիքներ։ Այս առաջարկությունը  ընդգծում է նաև անհիմն հայցերի վաղ փուլում մերժման, դատական ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև SLAPP-երի զոհերին իրավաբանական, ֆինանսական և հոգեբանական աջակցություն տրամադրելու կարևորությունը։

Համաժողովի ավարտին քննարկեցինք նաև, թե ինչ գործողություններ է անհրաժեշտ SLAPP-երի կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքարի համար.

  • Նախաձեռնել քննարկումներ հակա-SLAPP-յան օրենսդրություն ունենալու շուրջ,
  • Նախաձեռնել SLAPP-երի վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ։
  • Իրականացնել դատավորների, փաստաբանների իրազեկում SLAPP-երի վերաբերյալ, և այլն։

Մարդու իրավունքների տուն Երևանի համար հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի դեմ պայքարը կազմակերպության առանցքային ուղղություններից է, և մենք կարևորում ենք այդ երևույթի դեմ համակարգային և միասնական պայքարը, ուստի ապագայում ևս կկազմակերպենք և կիրականացնենք այս թեմայով շարունակական քննարկումներ։