2025 թվականի դեկտեմբերի 8-ին Մարդու իրավունքների տուն Երևանը «Լռեցման դատական հայցեր․ հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի վտանգները» քննարկման շրջանակում համախմբեց քաղաքացիական հասարակության, պետական հաստատությունների, լրագրողական և իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի (այսուհետ՝ SLAPP) շուրջ զարգացումները և կիրառման միտումները։
Բնապահպանական և մեդիա ոլորտի բանախոսները, մասնավորապես Թեհմինե Ենոքյանը («Կանաչ Հայաստան» ՀԿ), Նազելի Վարդանյանը («Հայաստանի անտառներ» ՀԿ) և Հասմիկ Բուդաղյանը (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե), մանրամասնորեն ներկայացրեցին ընթացիկ տարում SLAPP-երի վերլուծությունն ու տվյալ հայցերի միջոցով մարդու իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումները։
Բանախոսներն ու մասնակիցները մանրամասնորեն կիսվեցին իրենց կամ իրենց կազմակերպությունների դեմ քննվող լռեցման դատական հայցերի մասին տեղեկատվությամբ։ Այնուհետև համաժողովի շրջանակում համատեղ քննարկվեց Մարդու իրավունքների տուն Երևանի նախաձեռնությամբ մշակված SLAPP դատավարությունների կանխարգելմանն ուղղված օրենսդրական նախագիծը։ Միջոցառման մասնակիցները մտքեր փոխանակեցին նաև միջազգային և մասնավորապես եվրոպական լավագույն փորձի և դրա Հայաստանում ներդրման հնարավորությունների ու մեթոդների շուրջ։
Տվյալ միջոցառումը SLAPP-երին նվիրված Մարդու իրավունքների տուն Երևանի կողմից կազմակերպվող թվով երկրորդ հանրային քննարկումն է 2025 թ. ընթացքում։ Կազմակերպությունը նախորդիվ հրապարակել է «Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը» զեկույցը։ SLAPP-երի կանխարգելումը շարունակում է մնալ կազմակերպության գործունեության առանցքային ուղղություններից մեկը։







