Մարդու իրավունքների տուն Երևանն ամփոփում է Համընդհանուր պարբերական դիտարկման իր առաջարկությունների մեկ տարին

2020թ-ի հունվարի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում տեղի ունեցավ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ/UPR) երրորդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկումը։ ՄԱԿ-ի անդամ երկրների շուրջ հարյուր ներկայացուցչություններ հանդես եկան Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող ելույթներով, ներկայացրին հարցադրումներ և հանդես եկան առաջարկություններով։ Այդ հարյուրավոր առաջարկությունների մեջ կան նաև առանձին առաջարկություններ իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության առնչությամբ։ 

Մարդու իրավունքների տուն Երևանը, լինելով իրավապաշտպանների պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված կառույց,  ՀՊԴ շրջանակներում առավելապես հետաքրքված է իրավապաշտպանների պաշտպանության առնչությամբ Հայաստանին տրված առաջարկություններով  և դրանց պատշաճ իրականացմամբ։ 

Հունվարին՝ Համընդհանուր պարբերական դիտարկման երրորդ շրջանի ավարտից հետո, Մարդու իրավունքների տուն Երևանն առաջարկությունների իրականացման մշտադիտարկման նպատակով մշակել և իրականացրել է մի շարք գործողություններ։ 

Մասնավորապես, Մարդու իրավուքների տուն Երևանի ջատագովության մասնագետը կազմակերպել և իրականացրել է հանդիպումներ ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, նույն հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սարգիս Խանդանյանի և Մարիա Կարապետյանի հետ։ Անհատական հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՀՊԴ շրջանակներում Մարդու իրավունքների տուն Երևանի կողմից պատրաստված և Ժնևում ներկայացված «Հայաստանում իրավապաշտպանների մարդու իրավունքների իրադրությունը» զեկույցը, անդրադարձ է կատարվել հայաստանյան իրավապաշտպանների՝ մասնագիտական գործունեության իրականացմամբ պայմանավորված խնդիրներին  ՀՊԴ շրջանակներում Հայաստանին տրված առաջարկություններին, մարդու իրավունքների ստանդարտների սահմանման և պաշտպանության բնագավառում ԱԺ-ի առանցքային դերին, մեր հետագա համագործակցության օրակարգին։  

ՀՀ ԱԺ այլ պատգամավորների և ՀՀ Կառավարության ներկայացուցիչների հետ կան լրացուցիչ պայմանավորվածություններ՝ կազմակերպելու և քննարկելու Հայաստանում իրավապաշտպանների մարդու իրավունքների իրադրությունը, ինչպես նաև մշակելու այն անհրաժեշտ գործողությունները, որոնք հնարավորություն կտան բարելավել իրավապաշտպանների մարդու իրավունքների իրադրությունը Հայաստանում։ Սակայն այս ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ներդրված ջանքերը կարող են ի չիք դառնալ, եթե Հայաստանում տեղի ունենա ոչ սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն։ Սա հատկապես կարևոր է վերջին տարիներին ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում ամրագրված ձեռքբերումներից ետ քայլ չանելու ու հակասահմանդրական լուծումները բացառելու առումով:

8 Դեկտեմբերի, 2020