Այս տարի կանանց իրավունքների միջազգային օրվա նշանավորումը Հայաստանում տեղի ունի Covid-19 համավարակի, 44-օրյա ծանր պատերազմի և հետպատերազմական ճգնաժամի համատեքստում․ փխրուն ժողովրդավարության խաթարում, մարդու իրավունքների հետընթաց, ներքաղաքական ճգնաժամ, հանրային խմբերի բևեռացում և ատելության խոսքի սրընթաց աճ։
Այսօր՝ մարտի 8-ին, կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, հատկապես ցանկանում ենք ընդգծել կին իրավապաշտպանների և ակտիվիստների մեծ ներդրումը համավարակով և պատերազմով պայմանավորված առողջապահական և սոցիալ-տնտեսական մարտահրավերները մեղմելու, համայնքային փոխօգնության ցանցեր ձևավորելու, հանրային շահը և մարդու իրավունքները պաշտպանելու գործում։
Այս կարևոր, սակայն հաճախ աննկատ աշխատանքն իրականացնելիս կին իրավապաշտպանները և ակտիվիստները տարբեր քաղաքական և քվազի-քաղաքական խմբերի և անհատների կողմից ենթարկվում են թիրախավորումների, ստանում այլևայլ սպառնալիքներ՝ համացանցում և դրանից դուրս, բախվում վիրավորանքի, խտրականության և ատելության խոսքի։
Այսօր, երբ հետպատերազմական հանրային-քաղաքական բևեռացումը և ներքաղաքական ճգնաժամն աճում են, երբ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները հետընթաց են ապրում, հակաիրավապաշտպան խմբերի և անհատների ֆինանսական և մեդիա ռեսուրսներն է՛լ ավելի շատ են կենտրոնացած իրավահավասար, հակախտրական, ոչ բռնի և պաշտպանված հանրություն ունենալու իրավապաշտպան նախաձեռնությունների նսեմացմանը։
Այս խմբերը թիրախավորում են կին իրավապաշտպաններին և ակտիվիստներին, որոնք Հայաստանում երկար տարիներ աջակցել են խոցելի վիճակում հայտնված բազմաթիվ կանանց և պաշտպանել նրանց իրավունքները: Նմանօրինակ հարձակումներն առաջ են բերում բազմաթիվ բացասական սոցիալական հետևանքներ, այդ թվում՝ հրահրում կին իրավապաշտպանների և ակտիվիստների հանդեպ ատելության և բռնության տրամադրություններ հանրային ավելի լայն շերտերում։
Կին իրավապաշտպանների և ակտիվիստների դեմ արշավներում վերջիններս մնում են միայնակ․ պետական հաստատությունների կողմից համարժեք արձագանքի բացակայությունը սնում է նաև կանանց իրավունքների և կանանց խնդիրների ստորադասման քաղաքականությունները, նպաստում այս հարցերի շուրջ ներհասարակական վախերի և տագնապների սրմանը։
Հասարակության և պետության համար այս բարդ ժամանակներում մենք առավել քան երբևէ կարիք ունենք ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, հանրային համերաշխության և փոխօգնության։ Իրավապաշտպանների, բայց հատկապես կին իրավապաշտպանների և ակտիվիստների անխոչընդոտ գործունեությունը կզորեղացնի կանանց և աղջիկներին, կդարձնի նրանց ավելի պաշտպանված, մեր հանրային-քաղաքական կյանք կվերադարձնի մարտի 8-ի իրական նշանակությունը՝ կանանց իրավահավասարության, պաշտպանվածության, կանանց իրավունքների արմատական բարեփոխումների համար պայքարի նշանավորումը։