Հյուման ռայթս հաուս հիմնադրամը հորդորում է անհապաղ դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունները և կոչ է անում միջազգային հանրությանը՝ օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցներն իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու՝ այդ բռնություններին վերջ դնելու նպատակով

Հյուման ռայթս հաուս հիմնադրամը խստորեն դատապարտում է Բելառուսի իշխանությունների կողմից օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ընթացքում և դրանից հետո համատարած կերպով բռնի ուժի կիրառումը: Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի գործադրումը պետք է անմիջապես դադարեցվի և բելառուս ժողովրդի հիմնարար իրավունքները պետք է հարգվեն:

«Ընտրություններին նախորդած շաբաթները, երեկ տեղի ունեցած ընտրությունները և խաղաղ ցուցարարների նկատմամբ դրանց հաջորդած բռնություններն ի ցույց են դնում, որ իշխանությունները պատրաստակամ չեն հավատարիմ մնալու միջազգային մարդու իրավունքների ոլորտում Բելառուսի ստանձնած պարտավորություններին։ Իշխանությունների կողմից ահաբեկումն ու բռնության գործադրումը ևս մեկ անգամ ապացուցում են նրանց կողմից բելառուս ժողովրդի ու նրանց իրավունքների համատարած անտեսումը»։  

Մարիա Դալե, ՀՌՀ հիմնադրամի տնօրեն

Մինսկում և ամբողջ երկրում արագորեն զարգացող իրադարձություններով պայմանավորված՝ Բելառուսի իշխանությունները կարգադրել են հարձակման ենթարկել նախագահական ընտրությունների՝ պաշտոնապես հաղորդված արդյունքները կասկածի տակ դնող խաղաղ ցուցարարներին: Զեկույցներն ու մասնակիցների կողմից տեղում արված տեսագրությունները վկայում են զանգվածային ձերբակալությունների, բռնությունների արդյունքում խաղաղ ցուցարարներին վնասվածքներ պատճառելու և ընդհանուր առմամբ իշխանությունների կողմից ահաբեկման միջոցների կիրառման մասին: Լրագրողները բանտարկվում են, հաղորդակցության միջոցներն արգելափակված են, իսկ ընտրությունների և խաղաղ բողոքի ցույցերի մասին տեղեկատվության տարածումը միտումնավոր սահմանափակված է: Հարձակման են ենթարկվում նաև իրավապաշտպանները։

Այս ամենը հաջորդեց իշխանությունների կողմից շաբաթներ շարունակ իրականացրած գործողություններին՝ ուղղված քաղաքական ընդդիմությանը լռեցնելուն, նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելուն, անկախ լրագրողներին և իրավապաշտպաններին ահաբեկելուն, պետական իշխանության օգտագործմամբ մարդու հիմնարար իրավունքները ոտնահարելուն։ Այս գործողություններն էլ, իրենց հերթին, հետևանք են տարիներ շարունակ իրականացված բռնաճնշումներին և հիշեցնում են 2010 թվականի ընտրություններից հետո իշխանությունների կողմից իրականացված բռնաճնշումերը։

Մենք միանում ենք իրենց խաղաղ բողոքի ձայնը բարձրացրած բելառուսների հայտարարություններին և միջազգային հանրությանը կոչ ենք անում օգտագործել քաղաքական և տնտեսական բոլոր առկա գործիքները՝ Բելառուսի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու, որպեսզի․

  • անմիջապես ազատ արձակվեն լրագրողները, փաստաբանները և իրավապաշտպան մյուս անձինք, ինչպես նաև դադարեցվեն հետապնդումները բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են խաղաղ կերպով իրենց կարծիքն արտահայտել, 
  • անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակվեն Նախագահի թեկնածուներն ու ցուցարարները,
  • դադարեցվեն ցուցարարների նկատմամբ բռնության գործադրումը, ինչպես նաև բոլոր միջադեպերի անաչառ հետաքննություն իրականացվի, իսկ բռնություն գործադրելու մեջ մեղավոր անձինք պատասխանատվության ենթարկվեն,
  • ապահովվի բելառուս ժողովրդի կողմից Բելառուսի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված իր քաղաքացիական և քաղաքական իրավունքների անարգելք իրականացումը և
  • ապահովվի իրավապաշտպանների անվտանգ գործունեությունը Բելառուսում՝ զերծ ոտնձգություններից և հետապնդումներից:
12 Օգոստոսի, 2020