Դեկտեմբերի 9-ը միջազգայնորեն նշվում է որպես իրավապաշտպանների օր։ Օրվա խորհուրդը, թերևս, իրավապաշտպաններին արժանին մատուցելն է՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խթանման գործում նրանց կարևոր առաքելության համար։ Մարդու իրավունքների տուն Երևանը, լինելով իրավապաշտպանների պաշտպանությամբ զբաղվող կառույց, իր գործունեության ընթացքում մշտապես քայլեր է ձեռնարկել օրացույցի այդ օրը իրավապաշտպանների այս կարևոր առաքելությունն ու դերն ընդգծելու ուղղությամբ՝ իրավապաշտպանների օրը իրավապաշտպան համայնքի համար հանրորեն նշելով։ Այս տարի, սակայն, մենք ձեռնպահ կմնանք հանրային միջոցառումներից՝ հասկանալի պատճառներով։
Այդուհանդերձ, ցանկանում ենք անդրադառնալ 2020 թվականին նախ COVID-19-ի համաճարակով, այնուհետև՝ պատերազմական դրությամբ պայմանավորված ճգնաժամային իրավիճակում իրավապաշտպան համայնքի կատարած մեծածավալ աշխատանքին և մեր խորին շնորհակալությունը հայտնել նրանց իրենց նվիրական, իսկ որոշ դեպքերում էլ՝ անփոխարինելի աշխատանքի համար։ Համաճարակի պայմաններում հասարակական կազմակերպությունները, դրանց կոալիցիաները, անհատ իրավապաշտպաններն ու ակտիվիստները ոչ միայն չդադարեցրին իրենց աշխատանքը, այլև ներդրեցին գերմարդկային ջանքեր՝ անհրաժեշտ օգնությունը հասանելի դարձնելով աջակցության կարիք ունեցող էլ ավելի մեծ թվով անձանց ու խմբերի։
Իսկ արդեն պատերազմի ծանր օրերին, իրավապաշտապան համայնքն իր ուժերը կենտրոնացրեց Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին պետության կողմից տրամադրվող աջակցությունը կազմակերպելու ու համակարգելու և իր ռեսուրսների շրջանակներում ուղղակի նյութական և հոգեբանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։ Իրավապաշտպան համայնքի դերը անգնահատելի էր հատկապես միջազգային հանրության հետ տարվող աշխատանքում՝ Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետի վրա միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը հրավիրելու և այդ աղետն օր առաջ կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու առումով։
Իրավապաշտպան համայնքի և ընդհանրապես քաղաքացիական հասարակության ինստիտուտների ու կազմակերպությունների կարևոր դերը ընդգծվել է հասարակության տարբեր խմբերի, պատկան մարմինների կողմից՝ անկախ առանձին խմբերի կողմից իրավապաշտապններին լրացուցիչ թիրախավորելու հանգամանքից։
Ներկայումս մեր երկիրը կանգնած է նոր մարտահրավերների առջև, որոնց լուծումը, մեր գնահատմամբ, անհնար է առանց իրավապաշտպան համայնքի և լայն քաղաքացիական հասարակության գործունեության ազատ և ապահով տարածքի, մասնակցության և ներդրման, ինչը մեզանից յուրաքանչյուրից պահանջում է էլ ավելի մեծ նվիրում ու աննկուն կամք։
Մարդու իրավունքների տուն Երևան,
Երևան, 09 դեկտեմբերի 2020 թվական