Իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ

Իրավապաշտպանների միջազգային օրը (դեկտեմբերի 9) անարդարության դեմ պայքարող խիզախ անհատների գործունեության ճանաչման և նշանավորման օրն է։ 2018 թ. «Թավշյա հեղափոխությունից» հետո իրավապաշտպանների դեմ իրականացվող զրպարտիչ արշավներն աննախադեպ ծավալ ստացան և առավել աղմկոտ ձևով սկսեցին թիրախավորել հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, նրանց իրականացրած գործունեությունը՝ միաժամանակ նեղացնելով վերջիններիս գործառնության տարածքը։

2021 թվականի հոկտեմբերի 14-ին և 15-ին ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի (Կոմիտե) 133-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցավ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (ICCPR) իրականացման վերաբերյալ ՀՀ երրորդ ազգային զեկույցի դիտարկումը: Երրորդ զեկույցի դիտարկման եզրակացությունները հրապարակվեցին նոյեմբերի 11-ին։

Կոմիտեն ողջունեց 2015 թվականին իրականացված սահմանադրական փոփոխությունները, 2021 թվականիին փոփոխված ՀՀ քրեական օրենսգիրքը, երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի, դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող 2019-2020 թվականների գործողությունների ծրագրի ընդունումը։ Միևնույն ժամանակ, Կոմիտեն ողջունեց պետության կողմից Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանգրության վավերացումը՝ ի վերացումն մահապատժի։

Մտահոգիչ հարցերի ու հանձնարարականների բաժնում Կոմիտեն անդրադարձավ  այնպիսի հարցերի, ինչպիսիք են կոռուպցիան, խտրականության բացառումը, սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով խտրականությունն ու բռնությունը, կանանց նկատմամբ բռնությունը, խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքն ու պատիժը, դատական համակարգի անկախությունը և այլն։ Մինչ դիտարկումը Մարդու իրավունքների տուն Երևանը Կոմիտեին էր ներկայացրել խնդիրների ցանկ, որտեղ առանձնացրել էր իր մտահոգություններն իրավապաշտպանների և քաղհասարակության դեմ իրականացվող զրպարտիչ արշավների, հավաքների ազատության իրավունքի խախտումների, իրավապաշտպանների և լրագրողների ձերբակալությունների, ինչպես նաև առավել խոցելի խմբերի իրավունքների և փոքրամասնություն հանդիսացող խմբերի պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների իրավունքների ոտնահարումների առնչությամբ (կին իրավապաշտպաններ, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպաններ, բնապահպան ակտիվիստներ, քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպաններ)։

Ներկայացված և քննարկված մարդու իրավունքների հարցերի շրջանակում Կոմիտեն բարձրացրել է իր մտահոգությունները լրագրողների, այդ թվում՝ առցանց լրագրողների, իրավապաշտպանների՝ հատկապես կանանց և ԼԳԲՏ հարցերով զբաղվողների, բնապահպան ակտիվիստների (այդ թվում՝ նրանց, ովքեր աշխատում են ոսկու արդյունահանման աշխատանքներին վերաբերող հարցերով) դեմ սպառնալիքների, ահաբեկումների, ոտնձգությունների և հարձակումների դեպքերի, ինչպես նաև նրանց դեմ տրված հաղորդումների առնչությամբ։ Ավելին, Կոմիտեն մտահոգված էր լրագրողների գործունեությունը խոչընդոտելու և նրանց ազատությունը սահմանափակելու խնդիրներով, իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ սուտ մատնության, ոստիկանության օրինական հրամանները չկատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության հատկանիշներով հարուցված քրեական գործերով։ Կոմիտեն նաև իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ լրագրողների և լրատվամիջոցների դեմ զրպարտության վերաբերյալ քաղաքացիական հայցերի քանակն ավելացել է, ինչի արդյունքում էլ ավելացել է անհամաչափ ֆինանսական պատժամիջոցների կիրառումը։

Ամփոփիչ եզրակացության մեջ Կոմիտեն մի շարք հանձնարարականներ է ներկայացրել պետությանը, որոնք թվարկված են ստորև.

Ա) զերծ մնալ իրենց ազատ արտահայտման իրավունքն իրացնող լրագրողներին, իրավապաշտպաններին, բնապահպան ակտիվիստներին ահաբեկելուց, սպառնալուց, հետապնդելուց և նրանց նկատմամբ  բռնություն կիրառելուց,

Բ) ապահովել, որ վերոնշյալ խմբերի անդամների նկատմամբ կատարված բոլոր բռնություններն ու իրավախախտումները մանրակրկտորեն և անաչառորեն հետաքննվեն, մեղավորները ենթարկվեն պատասխանատվության և դատապարտվեն իրենց կատարած հանցանքների համար նախատեսված պատիժներով, և  տուժողները ստանան համապատասխան փոխհատուցում,

Գ) ապահովել, որ քրեական և քաղաքացիական օրենսգրքերով նախատեսված իրավախախտումների հատկանիշներով դատական գործեր չհարուցվեն լրագրողների և լրատվական կազմակերպությունների դեմ՝  նրանց գործունեության խոչընդոտման, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ քննադատական լրագրության ճնշման նպատակով,

Դ) տրամադրել համապատասխան փոխհատուցում այն լրատվամիջոցներին, որոնք ենթարկվել են գրաքննության կորոնավիրուսային համավարակի ընթացքում ընդունված խիստ սահմանափակող միջոցառումների համատեքստում։

Պետությունն այս առաջարկությունների իրականացման վերաբերյալ Կոմիտեին պետք է տրամադրի համապատասխան տեղեկատվություն մինչև 2023 թվականի նոյեմբերի 5-ը (Կոմիտեի վերջնական եզրահանգումներն ու առաջարկությունները կարող եք գտնել այստեղ

Ի նշանավորում Իրավապաշտպանների միջազգային օրվա՝ Մարդու իրավունքների տուն Երևանը կոչ է անում Հայաստանի Հանրապետությանը կատարել պետությանը տրված հանձնարարականները․ ապահովել իրավապաշտպանների իրավունքների պաշտպանությունը, աջակցել և պաշտպանել նրանց ազգային մակարդակում՝ ճանաչելով և կարևորելով իրավապաշտպանների և ակտիվիստների չափազանց կարևոր դերը, որոնք անդադար ձգտում են պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները՝ հանուն ողջ հասարակության բարօրության։

 

   

 

8 Դեկտեմբերի, 2021