![Հայտարարություն (1)](https://hrhyerevan.org/wp-content/uploads/2020/02/Հայտարարություն-1.png)
Փոխնախարարը, մասնավորապես, նշել է, որ «այդ իրավապաշտպաններին» համարում է «չակերտավոր իրավապաշտպաններ», որոնք, փոխնախարարի բնորոշմամբ, «քայքայիչ գործունեություն են իրականացնում»։ Նա իրավապաշտպաններից ոմանց մեղադրել է զոհված զինծառայողների հարազատներին «որոշակի գործողությունների դիմելուն հրահրելու» մեջ։
Վերջում՝ մեր գնահատմամբ ակնհայտ սպառնալիք հնչեցնելով իրավապաշտպանների հասցեին՝ փոխնախարարը կարծիք է հայտնել, թե «շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով»՝ իրավապաշտպաններին, ի թիվս այլնի, մեղադրելով ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու մեջ։
Մարդու իրավունքների տուն Երևանը՝
- կարևորելով հատկապես զինված ուժերում հանրային վերահսկողության անհրաժեշտությունը,
- կարևորելով իրավապաշտպանների գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և նրանց հանրային աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը,
- նկատի ունենալով իրավապաշտպանների կարևոր դերը մարդու իրավունքների պաշտպանության ու հարգման, իրավունքի գերակայության ապահովման և ժողովրդավարության հաստատման գործում,
- ղեկավարվելով իրավապաշտպանների պաշտպանության ու աջակցության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով,
խստորեն դատապարտում է իրավապաշտպանների թիրախավորումը, նրանց վարկաբեկումն ու սպառնալիքները՝ ՀՀ պետական իշխանության մարմիններին ու պաշտոնատար անձանց կոչ անելով․
- ձեռնպահ մնալ իրավապաշտպաններին վարկաբեկող, նրանց թիրախավորող արտահայտություններից ու գործողություններից, ինչպես նաև քրեական պատասխանատվության կանչելու սպառնալիքներից,
- ՀՀ պաշտպանության նախարարին՝ քննարկել ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի վարքը, հիմքերի առկայության դեպքում՝ ենթարկել կարգապահական պատասխանատվության,
- ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել իրավապաշտպաններին վարկաբեկելու, նրանց սպառնալու համար, իր հետագա հանրային գործունեության մեջ ձեռնպահ մնալ նման գործելաոճից ու բառամթերքից,
- ՀՀ պաշտպանության նախարարին՝ ձեռնարկել միջոցներ բանակում հանրային վերահսկողության ուժեղացման ուղղությամբ՝ այդ գործընթացում առավել ակտիվորեն ներառելով նաև իրավապաշտպաններին։
Մարդու իրավունքների տուն Երևան
28 փետրվարի 2020 թ․