Հարցազրույց իրավապաշտպանի հետ. Ժենյա Մայիլյան

Մարդու իրավունքների տուն Երևանը իրականացնում է հարցազրույց իրավապաշտպանի հետ: Հարցազրույցի երրորդ մասնակիցը Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ Նախագահ՝ Ժենյա Մայիլյան է

1. Ո՞րն է ձեր կազմակերպության առաքելությունը և ի՞նչ հիմնական ուղղություններով եք աշխատում։ 

Մեր կազմակերպության առաքելությունն է նպաստել ՄԻԱՎ-ով ապրող անձանց, թմրամիջոց ներարկող անձանց, պալիատիվ խնամքի կարիք ունեցող մարդկանց և այլ խոցելի խմբերի կյանքի որակի բարելավմանը, նրանց իրավունքների պաշտպանությանը և արժանապատիվ կյանքի պայմանների ապահովմանը։ 

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թվականին ՄԻԱՎ-ով ապրող բժիշկների և այլ անձանց նախաձեռնությամբ և դարձել է Հայաստանում առաջին կազմակերպությունը, որն իր գործունեությունը կենտրոնացրել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրների վրա։ Մինչ օրս կազմակերպության գործունեության հիմքում շարունակում է մնալ շահառուների անմիջական մասնակցությունը։ 

Կազմակերպության հիմնական գործունեության ուղղություններն են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, խտրականության և խարանի նվազեցումը, պալիատիվ խնամքի և ցավի կառավարման ծառայությունների զարգացումը, ինչպես նաև վնասի նվազեցման ծրագրերի իրականացումը թմրամիջոց ներարկող անձանց համար։ 

Միաժամանակ կազմակերպությունը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ և ադվոկացիոն գործունեությամբ՝ նպաստելով ՄԻԱՎ-ով ապրող անձանց, թմրամիջոց ներարկող մարդկանց, պալիատիվ խնամքի կարիք ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի համար առողջապահական, սոցիալական և հոգեբանական ծառայությունների հասանելիության ապահովմանը։ Մենք նաև աշխատում ենք խտրական օրենքների և պրակտիկաների վերացման, հավասար հնարավորությունների ստեղծման և արժանապատիվ կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ։ 

Թեև կազմակերպության գրասենյակը գտնվում է Երևանում, մեր ծառայությունները հասանելի են Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ մարզերում, իսկ որոշ ծրագրերի շրջանակում աջակցություն է տրամադրվում նաև Հայաստանից դուրս բնակվող ՄԻԱՎ-ով ապրող անձանց։ Բացի այդ, կազմակերպությունը համագործակցում է տեղական, տարածաշրջանային և միջազգային ցանցերի հետ, որոնք զբաղվում են ՄԻԱՎ-ի, մարդու իրավունքների և գենդերային հավասարության հարցերով։ 

2. Ի՞նչ նշանակություն ունի Մարդու իրավունքների տունը ձեր կազմակերպության համար և Ինչո՞վ է այն կարևոր իրավապաշտպանների համար։ 

Կազմակերպությունը աշխատում է խոցելի խմբերի հետ, այդ թվում՝ ՄԻԱՎ-ով ապրող անձանց, տուբերկուլյոզ ունեցող անձանց և այլ խմբերի հետ՝ տրամադրելով խնամքի և աջակցության ծառայություններ, իրականացնելով իրավունքների պաշտպանություն և ադվոկացիոն գործունեություն։ Այս համատեքստում Human Rights House Yerevan-ը կարևոր դեր ունի մի քանի առումներով։ 

Նախ, այն հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության հարթակ։ Քանի որ կազմակերպությունը զբաղվում է խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ, հաճախ բախվում է տարբեր դժվարությունների և ճնշումների, ուստի կարևոր է ունենալ մի կառույց, որը կարող է աջակցել և պաշտպանել այդ աշխատանքն իրականացնող կազմակերպությունների և մասնագետների իրավունքները։ 

Երկրորդ, Human Rights House Yerevan-ը համագործակցում է միջազգային և տարածաշրջանային կառույցների հետ և պարբերաբար մասնակցում է տարբեր զեկույցների ու գնահատականների պատրաստմանը։ Այդ գործընթացների շրջանակում կազմակերպությունը հնարավորություն է ստանում բարձրաձայնել իր շահառու խմբերի իրավունքներին առնչվող խնդիրները և նպաստել դրանց ներառմանը միջազգային օրակարգում։ 

Երրորդ, Human Rights House Yerevan-ը կարևոր է ոչ միայն որպես իրավապաշտպան գործունեության հարթակ, այլ նաև որպես անվտանգ և համերաշխ միջավայր։ Այն հնարավորություն է տալիս իրավապաշտպաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին փոխանակել փորձ և տեղեկատվություն, ստանալ մասնագիտական և բարոյական աջակցություն, ձևավորել համագործակցային կապեր և ամրապնդել համերաշխությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ 

3. Ձեր կարծիքով՝ այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ո՞ր ոլորտն է ամենից շատ ուշադրության և փոփոխությունների կարիք ունի։ 

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ մարտահրավերներից մեկը մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ աճող ճնշումներն են։ Հատկապես լրագրողները, իրավապաշտպանները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հաճախ ենթարկվում են թիրախավորման, վարկաբեկման արշավների և տարբեր տեսակի ճնշումների, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց հոգեկան առողջության և մասնագիտական գործունեության վրա։ 

Եթե դիտարկենք խոցելի խմբերի հետ աշխատող կազմակերպությունների տեսանկյունից, ապա այսօր առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն տեղահանված և հարկադիր տեղաշարժի ենթարկված անձինք։ Վերջին տարիներին, հատկապես Արցախից բռնի տեղահանված անձանց շրջանում, առկա են բազմաթիվ սոցիալական, տնտեսական և հոգեբանական խնդիրներ, որոնք պահանջում են համակարգված և երկարաժամկետ լուծումներ։ Այս մարդկանց համար կարևոր է ոչ միայն առաջնային սոցիալական աջակցության ապահովումը, այլև իրավունքների լիարժեք իրացումը, հասարակական կյանքում ներառումը և արժանապատիվ կենսապայմանների ստեղծումը։ 

4. Ո՞րն է եղել ձեր ամենամեծ հաղթանակը որպես իրավապաշտպան, և ո՞րն է այն խնդիրը, որի լուծման համար դեռևս ամենաշատ աշխատանքն է անհրաժեշտ։ 

Մենք այս վերջին տարիներին ՄԻԱՎ-ի ոլորտում իրականում ունենք բավականին լավ փոփոխություններ, ու ես համարում եմ, որ դրանք ձեռքբերումներ են, հաջողություններ են, որոնք որ ընդհանուր առմամբ դրական են ազդել ՄԻԱՎ-ով ապրող կամ մեր կողմից ներկայացվող խոցելի խմբերի իրավական վիճակի վրա։ 

Օրինակ, կարող եմ նշել նախակոնտակտային կանխարգելումը, որ անվճար և հասանելի է դարձել բոլորի համար, որ ՄԻԱՎ-ով ապրող կանայք կարող են ծննդաբերել ոչ միայն մեկ կենտրոնացված հիվանդանոցում, այլ ավելի լայն շրջանակի հիվանդանոցներում՝ օրենքի մակարդակով, կամ օրինակ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կարող են ծառայություն ստանալ ապաստարաններում, աջակցության կենտրոններում։ Ապաստարանների ստեղծման համար շատ ջանքն են ներդրել, որը շատ կարևոր ձեռքբերում է։ 

Իրականում այս պահին մի քանի խնդիրներ կան, որոնց վրա ակտիվ  աշխատում ենք օրինակ հեռավար ուսման և աշխատանքի հնարավորությունը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար, կամ ՄԻԱՎ-ի ապաքրեականացման հարցերը։ Բայց ընդհանուր առմամբ, կարծես Հայաստանում մենք չենք հասել այն մակարդակին, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդը իր ՄԻԱՎ կարգավիճակով բաց, լիարժեք ապրի, կամ օրինակ թմրամիջոց օգտագործողների համար հասանելի լինեն միջազգային հաստատված ստանդարտներ, կամ մեր խմբերի նկատմամբ խտրականություն չլինի։ 

Այսինքն, դրանք այն խնդիրներն են, որոնք ոչ թե մեկ կամ երկու տարի աշխատելով կարող ենք լուծել, այլ երկարաժամկետ աշխատանք պետք է կատարենք, որպեսզի իրավիճակը փոխվի։ 



This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.