Հայտարարություն հունիսի 16-ի միջադեպի վերաբերյալ

2020 թ․ հունիսի 16-ին՝ ուշ երեկոյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին սատարելու համար հավաքված մարդկանց ցրելու ընթացքում ոստիկանական ուժերը, ըստ իրադարձությունները լուսաբանող լրագրողների, ուժ են գործադրել իրենց հանդեպ։ Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միջադեպը կուսումնասիրվի ոստիկանությունում։

Լրագրողների գործունեությունն անգնահատելի է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության խթանման, թափանցիկության ու հրապարակայնության ապահովման առումով, ինչպես նաեւ ոստիկանական գործողությունների համաչափությունը գնահատելու, կարևոր իրադարձությունների վերաբերյալ հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու գործում։

Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը․

  • իրականացնել օբյեկտիվ քննություն վերը նշված միջադեպի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ, իսկ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստը հաստատվելու դեպքում՝ պատասխանատվության միջոցներ ձեռնարկել խախտում թույլ տված ոստիկանների նկատմամբ,
  • ձեռնպահ մնալ լրագրողների մասնագիտական աշխատանքը սահմանափակելու կամ դրան խոչընդոտելու որևէ գործողություններից,
  • ստեղծել նպաստավոր պայմաններ լրագրողների կողմից իրենց մասնագիտական աշխատանքն առավել անվտանգ ու արդյունավետ իրականացնելու նպատակով։

                                                                                                                                                                 

                                                                                                                                                                                     17 հունիսի 2020թ․, Երևան 

                                                               Մարդու իրավունքների տուն Երևան

 

17 Հունիսի, 2020