Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը Հայաստանում

Զեկույցը կարդալ այստեղ

Հայաստանում հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը (այսուհետ նաև՝ SLAPP-եր) տարեցտարի ավելանում են։ 2023-2024 թթ. փաստաթղթավորվել է առնվազն 33 հայց՝ բնապահպան ակտիվիստների, իրավապաշտպանների և լրագրողների դեմ։ Այս հայցերը ներկայացվում են պաշտոնատար անձանց կամ խոշոր ընկերությունների կողմից՝ թիրախավորելով հանրային մասնակցության գործողությունները։ Դրանք նպատակ ունեն լռեցնելու հանրային կարևորություն ունեցող հարցեր ու խնդիրներ բարձրաձայնող անձանց։ Սովորաբար նման հայցերը ներկայացվում են պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի համար՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի հիման վրա։ Հայցվորները հատկապես մեծ ու անհամաչափ պահանջներ են ներկայացում, կիրառում են դատավարական հնարքներ՝ դատական ընթացակարգերը երկարաձգելու ու ավելի ծախսատար դարձնելու նպատակով։ Դատական գործընթացներն օգտագործվում են քննադատության դեմ, ավելի լայն արշավի մաս են կազմում և նպատակ ունեն ահաբեկել, հետապնդել կամ վախեցնել պատասխանողներին։

2024 թ․-ին հանրային մասնակցության դեմ հայցերի խնդրի միջազգային կարգավորումներում տեղի են ունեցել մի շարք կարևոր զարգացումներ։ Մասնավորապես, 2024 թվականի ապրիլին ԵՄ-ն ընդունեց հակա-SLAPP-երի վերաբերյալ դիրեկտիվը , ինչպես նաև SLAPP-երի դեմ պայքարի վերաբերյալ առաջարկությունը: Դիրեկտիվը նախատեսում է նվազագույն միջոցներ, որոնք ԵՄ անդամ պետությունները պետք է ձեռնարկեն SLAPP-երի դեմ պայքարելու ուղղությամբ։ Հայաստանը ԵՄ անդամ պետություն չէ, սակայն 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որով ընդունել է հանձնառություն իր օրենսդրությունն աստիճանաբար Եվրոպական միության օրենսդրության համապատասխան մասերին մոտարկելու վերաբերյալ։

Եվրոպայի խորհրդի կողմից 2024 թվականի ապրիլին ընդունվեց առաջարկություն, որը նախատեսում է ավելի համապարփակ շրջանակ՝ SLAPP-երի կանխարգելման և վերացման համար: Թեև առաջարկությունն իրավաբանական պարտադիր ուժ չունի, այն արտացոլում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) իրավական պրակտիկան, որի համաձայն հանրային հետաքրքրություն ներկայացնող քննարկումները պահանջում են հատուկ պաշտպանություն: Առաջարկությունը նաև նախատեսում է, որ հանրային մասնակցության դեմ ուղղված բոլոր չարաշահող դատական գործընթացներում պետք է հասանելի լինեն վաղ փուլերում հայցերի մերժման մեխանիզմներ: Հայաստանը՝ որպես ԵԽ անդամ պետություն պարտավոր է հաշվի առնել այս Առաջարկությունը։

Սույն զեկույցի առաջին մասում ընդհանուր ամփոփել ենք հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի բնութագրիչները, քննարկել այդ ռազմավարական հայցերին առնչվող հարցեր, այնուհետ անդրադարձել ենք հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի միջազգային կարգավորումներին, վերլուծել Հայաստանում արձանագրված դեպքերը։ Զեկույցն ամփոփել ենք տարբեր գերատեսչություններին ուղղված առաջարկություններով։

22 Հունվարի, 2025